Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական հատվածին. կա 3 զոհ, 74 վիրավոր

Առավոտյան Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ, ամբողջ երկրում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Իսրայելի կենտրոնական հատվածներում իրանական չորս բալիստիկ հրթիռների հարվածներից զոհվել է 3 մարդ, 74 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Թել Ավիվի մոտակայքում գտնվող Պետահ Տիկվա քաղաքի իշխանությունների փոխանցմամբ, իրանական հրթիռները հարվածել են 20-հարկանի բնակելի շենքի՝ վնասելով 4-րդ և 5-րդ հարկերը։ Ըստ արտակարգ ծառայությունների հաղորդագրության՝ շենքում, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չկա, սակայն փրկարարներն, այնուամենայնիվ, շարունակում են որոնումները։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Հարվածների հետևանքով զոհվել է 9 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։ Սպանվել են նաև 6 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին և Մեհդի Ռաբանին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։