Բաքուն Թեհրանին հայտնել է, որ իր տարածքը չի օգտագործվի Իրանին հարվածելու համար

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։

«Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ ձեռնարկված գործողության հետևանքով ստեղծված իրավիճակը… Ընդգծվել է որևէ երկրի կողմից Ադրբեջանի տարածքը երրորդ երկրի, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ օգտագործելու անհնարինությունը»,- նշվել է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Հարվածների հետևանքով զոհվել է 9 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։ Սպանվել են նաև 6 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին և Մեհդի Ռաբանին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։