Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ շարունակվում է Իսրայելի ագրեսիան. ԱԳՆ
Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները անիմաստ են, քանի դեռ շարունակվում է Իսրայելի ագրեսիան։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
«Դիվանագիտության և խաղաղության թշնամիները դաժան պատերազմ են պարտադրել իրանական ժողովրդին, և ԱՄՆ-ն, չնայած երկխոսության և դիվանագիտության մասին բոլոր հայտարարություններին, աջակցել է սիոնիստական ռեժիմի ագրեսիային, որն ուղղված է նաև Իրանի քաղաքացիական միջուկային օբյեկտներին։ Ակնհայտ է, որ նման պայմաններում և մինչև սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դադարեցումը Իրանի ժողովրդի դեմ, անիմաստ է երկխոսություն վարել այն կողմի հետ, որը ագրեսորի ամենամեծ կողմնակիցն ու հանցակիցն է», – Բաղայիի խոսքերն է մեջբերում Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Ստեղծված իրավիճակում մեր գլխավոր նպատակը թշնամու ագրեսիային հակազդելն է», – հավելել է նա։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 9 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։ Սպանվել են նաև 6 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին և Մեհդի Ռաբանին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։ Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։