Թեհրանում իսրայելական հարվածներից 20 երեխա է զոհվել

Իսրայելի կողմից Թեհրանում բնակելի շենքին հասցրած հարվածի հետևանքով 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ 20 երեխա։ Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները։

Իրանական հեռուստատեսությունը ուղիղ եթերում ցուցադրել է, թե ինչպես են աշխատողները հեռացնում Թեհրանի «Շահրակ-ե Շահիդ Չամրան» բնակելի համալիրի 14-հարկանի շենքի ավերակները: Տեղում գտնվող լրագրողի խոսքով՝ բնակելի շենքում զոհվել է 20 երեխա, այդ թվում՝ ընդամենը 6 ամսական նորածիններ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ տասը դիակ մնում է փլատակներում։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին ուրբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ։ Պարզ չէ՝ բնակելի շենքում զոհված 60 անձինք ընդգրկվա՞ծ են այդ թվում, թե ոչ։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։

Հարվածների հետևանքով զոհվել է 9 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։

Սպանվել են նաև 6 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։

Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։