«Սարդարապատը մեր ժողովրդին բաժին ընկած ամենասև փորձությունն էր, բայց և աստեղային ամենավսեմ ժամը»
Այսօր՝ մայիսի 26-ին, լրանում է Սարդարապատի հաղթանակի 107-րդ տարին։
1918 թվականի մայիսի 22-29-ին հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև միջև տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտը կարևոր դերակատարում ունեցավ Հայաստանի պատմության մեջ: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»:

Սարդարապատի 9-օրյա ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է։ Ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով։ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի տակ հայ զինվորների և սպաների, աշխարհազորի հերոսական պաշտպանությամբ հնարավոր եղավ ոչ միայն դադարեցնել թուրքերի առաջխաղացումը, այլև հսկայական կորուստներ պատճառելով նրանց հետ շպրտել 50-65 կմ։ Կանխվեց հայ ազգի ամբողջական ոչնչացումը և հայոց պետականության վերստեղծման հիմք դրվեց։

Հայ բանաստեղծ, հրապարակախոս Վահագն Դավթյանը Սարդարապատի ճակատամարտի մասին գրել է.
«…Ճիշտ է, Սարդարապատի օրերին դեռ չէր հնչել Չարենցի պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց նրա էությունը, որպես ժողովրդի հավաքական ենթագիտակցություն ու բնազդ, կար, գործում էր և Սարդարապատի օրերին գործեց մինչև այդ պատմության մեջ չտեսնված ուժով ու թափով, գործեց բարձրագույն լարումով:..
Քրքրելով մեր պատմության կրակն ու մոխիրը չի կարելի չգալ այն հաստատ համոզման, որ Սարդարապատը մեր ժողովրդին բաժին ընկած ամենասև փորձությունն էր, բայց և աստեղային ամենավսեմ ժամը:
Հայ ժողովրդի մահը պարտվեց և հաղթեց կյանքը:
Հրաշքի էր նման այդ հաղթանակը: Բայց հրաշք չկար:
Կար ժողովրդական ոգու մի հրաշալի, աննախադեպ բռնկում:
Կար այն վսեմ ճշմարտությունը, որ երբ ժողովրդի ոգին զարթնում, բռնկվում ու շիկացման է հասնում, դառնում է անպարտելի:
Եվ այն ամենը, ինչ պիտի վերջանար այստեղ, նորից սկսվեց:
Աշխարհի հնագույն ու ազնվագույն ժողովուրդներից մեկը իր նոր պետականության հիմքերը դրեց:
Եվ սակայն ռուս, թուրք, ադրբեջանական սադրանքներով Հայկական այդ անկախ հանրապետությունը երկու տարվա կյանք ունեցավ:
Բայց անկախ ամեն ինչից, Սարդարապատը միայն ճակատամարտ չէր, դաս էր, դասագիրք, ոգեղեն մատյան:
Ապրելու համար, հարատևելու, պիտի ամբողջ խորությամբ սերտել այդ դասը, այդ ոգեղեն մատյանը, ուր մեր գոյության աստեղային ժամերից մեկն է հավերժացել…»։

Ճակատամարտի 50-ամյակին՝ 1968 թվականի մայիսին բացվել է Սարդարապատի ճարտարապետական համալիրը, որի հեղինակը հայտնի ճարտարապետ Իսրայելյանն է:

