Եվ չզարմանանք, եթե հաջորդ գարունը չբացվի

․․․Ես չգիտեմ՝ լսելը բնածի՞ն հատկություն է, թե՞ ձեռքբերովի, բայց մի բան վստահորեն կարող եմ ասել, որ այդ հատկության պատճառով էր, որ ֆիզիկոս հայրս իմ մեջ ապագա գրող էր տեսնում: Հիշում եմ, 4-5 տարեկան էի, ու քեռիս նապաստակ էր տուն բերել: Մի խումբ երեխաներով հավաքվել էինք շուրջը, շոշափում էինք, նայում ու հարցեր տալիս: Ես հարցրեցի. «Պա՛պ, նապաստակը հիմա ի՞նչ է լսում»: Բոլորը ծի-ծաղեցին, բացի հորիցս: Նա գտնում էր, որ ես լավ լսող եմ ու բառերի նկատմամբ իրական զգացմունքներ ունեմ, հետևաբար՝ գրող եմ դառնալու: Ոչ միայն ապագա գրողներին, այլ նաև ցանկացած մարդու ես խորհուրդ եմ տալիս զարգացնել այդ կարողությունը: Մեկ ուրիշին լսելու, հասկանալու ու կարեկցելու շնորհը, որը ոչ միայն պոեզիայի, այլ նաև ավելի կատարյալ աշխարհի երազի հիմնական նախապայմանն է: Ցավոք, այսօր տեխնոլոգիաները և դեզինֆորմացիայի հեղեղը դժվարացրել են լսելհասկանալը և ավելի հեշտացրել ասել-թռնելը, որը խփել-թռնելուց ոչնչով չի տարբերվում: Ոչ ոք պատասխանատվություն չի կրում իր բերանից դուրս եկած բառի համար, թեպետ բոլորն էլ գիտեն, որ այն զենքի ուժ ունի, և որ բա՛ռն է Աստված: Ու մենք համարվում ենք առաջին քրիստոնյաներ։ «Կողքիդ մարդու հետ վերաբերվիր այնպես, ինչպես քեզ կվերաբերվես, մի՛ շտապիր դատել նրան»,- ասում է Գիրքը: Իսկ մե՞նք…

Չենք ցանկանում այլ կրոն, բայց տպավորությունն այնպիսին է, որ մենք արդե՛ն դավանում ենք մեկ այլ Աստծո, ով մեզ պատվիրել է հայհոյել միմյանց ու անիծել ամբողջ ուժով, ասես մենք ոչ թե Աստծո, այլ անտառի չար պառավի ժառանգորդներն ենք: Այս մթնոլորտն իր մեջ ծնված ցանկացած ծաղիկ ու սերմ սպանելու ուժ ունի, և չզարմանանք, եթե հաջորդ գարունը չբացվի: Սա պարզապես հիվանդագին է: Ժամանակն է վերարժևորել մեր բոլոր համոզմունքներն ու մեկնաբանությունները թե՛ մարդու, թե՛ մեր հայ տեսակի և թե՛ Աստծո մասին։

Սոնա ՎԱՆ

Ժամանակակից բանաստեղծուհի