«Սա կամայականություն է». Էդգար Ղազարյանին Ռուբեն Ռուբինյանը «նպատակահարմար չի գտել» ընդունել

Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հերթագրվել էր մասնակցելու ընդունելության  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի մոտ։

Սակայն ԱԺ աշխատակիցը տեղեկացրել է, որ քաղաքացիների ընդունելությունն սկսվել է, բայց Ղազարյանին չեն ընդունելու։

«Ձեզ նպատակահարմար չեն գտնում ընդունել։ Այլ հարցի չեմ կարող պատասխանել»,- փոխանցել են Էդգար Ղազարյանին։

«Զարմացած եմ նման պատասխան լսելով։ Ոչ թե չէի սպասում, նրան իրավունք ո՞վ է տվել, որ չի ընդունում քաղաքացուն։ Իրենք են նախաձեռնողը, ցանկացած քաղաքացու պետք է ընդունեն առանց պատճառաբանության։ Ոչ թե ընդունելությունն է չեղարկվել, այլ ինձնից առաջ քաղաքացիների ընդունել է, չի պատրաստվում ընդունել միայն ինձ։ Երևի, ուղղակի խուսափում է, վախենում է փաստարկները լսելուց։ Ըստ էության, պատասխաններ չունի,-մեկնաբանել է Ղազարյանը։- Սա կոպտագույն խախտում է, կբողոքարկեմ նրա անգործությունը։ Այլ բան, եթե ասեին, որ քաղաքացիների ընդունելությունը հետաձգվում է իր առողջական խնդիրների պատճառով, օրինակ, վոթսափով հաղորդագրություն է ստացել, ինսուլտ է տարել, վատ է, տարել են հիվանդանոց։ Դա պատճառաբանություն է։ Բայց ընդունել քաղաքացիների, կոնկրետ ինձ չընդունել, կամայականություն է, անպատասխան չի մնալու։

Սա պաշտոնական պարտականությունների կատարումից խուսափում է՝ անհասկանալի պատճառաբանությամբ, սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում»։