Նիկոլ Փաշինյան. Գյումրիում պետք է անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ

Գյումրեցիների ոչ վաղ անցյալում կատարած ընտրությունը անթաքույց չընդունելու վերաբերյալ հայտարարությունը կրկին կրկնել է Նիկոլ Փաշինյանը Գյումրիում։ Նա հայտարարել է, որ հունիսի 7-ից հետո Գյումրիում կլինեն ավագանու արտահերթ ընտրություններ, իր խոսքով, որպեսզի ոչ բռնի թավշյա հեղափոխությունը հասնի իր մեջքի ետևում գտնվող շենքին։

«2018-ից հետո Գյումրիում քաղաքային իշխանությունները քաղաքական բոլորովին ուրիշ օրակարգ են ունեցել, նրանց խնդիրն է եղել Գյումրիում ժողովրդին հանել կառավարության դեմ, ժողովրդի շրջանում հիասթափություն առաջացնել կառավարության նկատմամբ և կառավարությանը էլ համոզել, թե Գյումրիում ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է ընթանա, բայց ես հիմա հասկանում եմ, որ մենք մեծ պարտք ունենք Գյումրիին վերադարձնելու։ Եվ ես այսօր հայտարարում եմ, որ այս պահից սկսած՝ Գյումրիում տեղի ունեցած բոլոր պրոցեսների համար, Գյումրու բարեկեցության, Գյումրու վերակառուցման համար կրում եմ անձնական պատասխանատվություն»,- ասել է Փաշինյանը ու կրկին անդրադարձել, իր խոսքերով, «Գյումրի 2» սցենարին։

«Շատերը խոսում էին, թե այս ընտրությունների արդյունքում ՀՀ-ում լինելու է Գյումրի երկու, ես ամիսներ առաջ եմ ասել, որ չի լինելու Գյումրի երկու, լինելու է հեղափոխություն երկու և Գյումրի 1։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո ի վերջո ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը պետք է հասնի մեր թիկունքում գտնվող շենքը, և մենք գյումրեցիների հետ Գյումրիում պետք է իրականացնենք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում, որպեսզի Գյումրին ծաղկի այնպես, ինչպես, օրինակ, Արթիկն է ծաղկում, հանրապետության մյուս քաղաքներն են ծաղկում և ընդհանրապես ՀՀ-ն է ծաղկում»,- ասել է Փաշինյանը։