ԿԸՀ-ը պարզաբանել է Գյումրու ավագանու անդամի՝ մանդատից հրաժարվելու, ապա փոշմանելու հետ կապված վիճակը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանել են Գյումրիի ավագանու անդամի՝ մանդատից հրաժարվելու, հետո փոշմանելու հետ կապված իրավիճակը:

ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը մասնավորապես, նշել է, որ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրու քաղաքապետից գրություն էր ստացել, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը վայր է դնում մանդատը, սակայն երկու օրվա մեջ նորից գրություն է ստացել, որ չի հրաժարվում մանդատից:

«Դա է պատճառը, որ ընտրատեղամասային հանձնաժողովը նիստ չի գումարել՝ մանդատը հաջորդ անդամին փոխանցելու համար: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է քաղաքապետարան՝ մանրամասնելու, թե որ դիմումը հիմք ընդունի: Քաղաքապետը պետք է պատասխանի պաշտոնապես, սակայն դեռ քաղաքապետարանից գրություն չկա»,- նշել է ԿԸՀ խոսնակը:

Ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ, փաստաբան Սոս Հակոբյանը տեղեկացրել էր, որ «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին, վերջինս էլ արձանագրություն է կազմել և ուղարկել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Սակայն երկու օր անց Կարեն Բադալյանը նոր դիմում է ներկայացրել, որով խնդրել է անտեսել իր դիմումը, նշելով, թե ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարից ստանալով հրաժարականի մասին արձանագրությունը սահմանված 7-օրյա ժամկետում պետք է արձանագրություն կազմեր և մանդատը դաշինքի հաջորդ անդամին փոխանցելու որոշում կայացներ, ինչը չի արել: Սոս Հակոբյանի խոսքով, դրանով նա խախտել է գործող օրենսդրության պահանջները:

«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում փորձում է գողանալ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքի մանդատը»։