Բավական է զբաղվել ժամավաճառությամբ
Հապաղելը, հերթական ընտրությունների սպասելը ենթադրում են մի մեծ տապանաքար դնել Արցախի վրա, իսկ Հայաստանն էլ վերջնականապես տանել թրքահպատակության…
Այս հեռանկարը պետք է ունենանք մեր աչքի առաջ հապաղելու ու անգործության դեպքում, սիրե՜լի ժողովուրդ և մտավորականներ, մեծարգո՜ քաղաքական գործիչներ։ Եվ արդեն բավական է զբաղվել ժամավաճառությամբ, ժամանակն է դադարեցնել բոլոր տեսակի կրկնվող ու ոչինչ չտվող վերլուծություններն ու բացահայտումները, մեկնաբանությունները, փոխադարձ մեղադրանքներն ու փոխհրաձգությունները։ Արդեն ամեն ինչ ասված է, ամենքի, ցանկացածի համար ամեն ինչ պարզ է, հասկանալի է, բացահայտ է։ Հիմա փորձագիտական, քաղաքագիտական հանրության, քաղաքական գործիչների, մտավորականների, ազգի էլիտայի ատաջնահերթ ու գլխավոր խնդիրը այս իրավիճակից դուրս գալու արմատական քայլերի ու ճանապարհային իրատեսական քարտեզի մշակումը, հանրությանը տրամադրումն ու նրա ինքնակազմակերպումը պետք է լինի։ Իսկ ժողովրդի համբերությունն արդեն մոտենում է վերջնագծին, որից հետո մի նոր համատարած դեպրեսիա ու հուսալքություն է սպասվում, սակայն այս անգամ արդեն ինքնաոչնչացմբ ու կործանմամբ ուղեկցվող։ Մարդկանց դիմադրողականությունն էլ արդեն սպառման շեմին է, սթափվել է պետք սիրելի մտավորականներ, քաղաքական գործիչներ, ժամանակ այդքան շատ չունենք, հիմա առավել քան, երբևէ Ձեզանից պահանջվում է համերաշխություն, պայքարելու կամք և իմաստնություն, հիմա եկել այն պահը, երբ լռությունը, անտարբերությունը ծանր հանցանք են, աղետ է, կործանում է, մահ է։ Աստծո ամենաանողոք պատիժն էլ ազգ ու հայրենիք ուրանալու համար է լինում։

