«Ովքեր ասում են, թե սխալ էր 1994-ին հրադադար ստորագրելը, մեծախոսությամբ են տառապում․ պիտի հասնեինք Բաքո՞ւ․ Սերժ Սարգսյան
«Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ ճիշտ որոշում է կայացրել։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սխալ էր 1994-ին հրադադար ստորագրելը, իրավիճակին չեն տիրապետում, ուղղակի մեծախոսությամբ են երևի տառապում»,- Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«1994 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մեր զրահատեխնիկան ԼՂ մի պաշտպանական հատվածից գիշերվա ընթացքում տեղափոխում էինք մեկ այլ հատված, որպեսզի հակառակորդին ցույց տանք, թե ինչքան շատ զրահատեխնիկա ունենք։ Ասածս հետևյալն է, որ տևական պատերազմից հետո մեր ուժերն էլ այդքան շատ չէին։ Բայց կա շատ ավելի կարևոր հանգամանք․ ասում են՝ չդադարեցնեինք։ Լավ, չէինք դադարեցնում, ո՞րը պետք է լիներ նպատակը։ Այսինքն՝ մենք պիտի հասնեինք Բաքո՞ւ, գերի վերցնեի՞նք Ադրբեջանի ղեկավարությանը և ասեինք՝ ճանաչե՞ք։ Ի՞նչ եք կարծում, մենք ունեի՞նք այդպիսի հնարավորություն։ Ռազմական գործողությունների ժամանակ կարևորը տարածք գրավելը չէ, որովհետև տարածք գրավելուց հետո անհրաժեշտություն կա այդ տարածքը պահել։ Մենք ի վիճակի՞ էինք այդ մեծ ռազմաճակատի գիծը երկու-երեք անգամ էլ մեծացնեինք ու էլի ամուր պաշտպանեինք։ Ոչ, իհարկե»,- ասել է նա։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցել Արցախում, տեղի է ունեցել հայ ժողվորդի հավաքական կամքի շնորհիվ։

