ԱԳ նախարարի տեղակալը Ժնևում ներկայացրել է ԼՂ-ից տեղահանվածների, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրները
ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը:
Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են ունեցել զեկույցի հանրային քննարկումներ:
ՀՊԴ նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է մանրամասն հաշվետվություն նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների իրականացման վերաբերյալ:
ՀՀ պատվիրակության ղեկավար Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր բացման խոսքում ներկայացրել է վերջին տարիների ընթացքում տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման վերաբերյալ Հայաստանում գրանցված առաջընթացը: ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից 115.000 բռնի տեղահանվածների խնդիրներին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման, անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերի պարզման խնդիրներին:
Հայաստանի Հանրապետության 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը մեծ հետաքրքրության է արժանացել միջազգային հանրության կողմից: Ելույթներով հանդես են եկել շուրջ 100 անդամ-պետությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում ընդգծելով վերջին տարիների ընթացքում մարդու իարվունքների ոլորտում Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ իրականացված օրենսդրական և համակարգային բնույթի բարեփոխումները:

