Քրոնիկ հոգնածության համախտանիշի առաջացման հնարավոր պատճառներից է VI տիպի հերպեսվիրուսային վարակը. ՀՎԿԱԿ

«Քրոնիկ հոգնածության համախտանիշը մշտական հոգնածության, մտավոր և ֆիզիկական կարողությունների նվազման վիճակ է, որը չի դադարում հանգստից հետո և շարունակվում է ավելի քան վեց ամիս: Քրոնիկ հոգնածության համախտանիշի առաջացման հնարավոր պատճառներից է VI տիպի հերպեսվիրուսային վարակը (HHV-6)»,-նման հաղորդագրություն է տարածել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ի՞նչ է VI տիպի հերպեսվիրուսային վարակը։

HHV-6-ը վարակ է, որը ոչ պակաս տարածված է, քան 1-ին և 2-րդ տիպի հայտնի հերպեսի վիրուսները:

Վարակման աղբյուրը հիվանդության ակնհայտ կլինիկական նշաններով հիվանդներն են և HHV-6-ի կրողները։

Կենտրոնից նշում են, որ փոխանցման հիմնական ուղին օդային է, հնարավոր է նաև վիրուսի փոխանցումը սեռական ճանապարհով, վարակված արյան փոխներարկման և վարակված դոնորներից օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման միջոցով,վարակված մորից պտղի վիրուսի ուղղահայաց փոխանցումով ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ ծննդաբերությունից հետո։

(0,5-3 տարեկան) երեխաների մոտ HHV6-ով վարակը կարող է դրսևորվել հանկարծակի էրիթեմայի զարգացմամբ, որն արտահայտվում է ջերմաստիճանի բարձրացմամբ մինչև 40 °C, մարմնի վրա վարդագույն ցանի առաջացմամբ, որը նախ տարածվում է դեմքի, կրծքավանդակի ու որովայնի, ապա ամբողջ մարմնի վրա: Կարող է դիտվել նաև ավշային հանգույցների մեծացում:

HHV-6-ի դրսևորումները մեծահասակների մոտ հետևյալն են

երկարատև մարմնի սուբֆեբրիլ ջերմություն,
գիշերային քրտնարտադրության ավելացում,
քնի հետ կապված խնդիրներ,
թուլություն,
անտարբերություն,
դեպրեսիայի զգացում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատոր կենտրոնում HHV-6 վիրուսի հայտնաբերման և տարբերակման նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ (ՊՇՌ մեթոդով):