Հնդկաստանի և Պակիստանի սահմանին երկրորդ օրն անընդմեջ փոխհրաձգություն է տեղի ունենում

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների հերթական սրացման խորապատկերում այդ երկրների զինվորականներն արդեն երկու օր կրակոցներ են փոխանակում սահմանային գոտում:

Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հիշեցնելով, որ միջուկային զենքի տիրապետող այս պետությունների հարաբերություններն ավելի են լարվել ապրիլի 22-ին Հնդկաստանի Քաշմիր նահանգում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ:

Հնդկաստանի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց զորքերն արձագանքել են Պակիստանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարբեր դիրքերից առանց հիմնավորման կատարած կրակոցներին, որոնք սկսվել են նախօրեի կեսգիշերին՝ Քաշմիրի հնդկական և պակիստանյան շրջանները բաժանող 740 կմ երկարությամբ սահմանի երկայնքով։

Նշվում է, որ Պակիստանի զորքերը Հնդկաստանի ուղղությամբ կրակ են բացել նաև հինգշաբթի կեսգիշերին: Հնդկական կողմից զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: