Համազգային ողբերգության օրը` հայ ժողովրդի համերաշխության ու միասնության օր

Ապրիլի 24-ին, հայ ժողովրդի համազգային ողբերգության խորհրդանշական օրը համայն հայությունը պետք է համերաշխություն հայտնի՝ հանուն ցեղասպանության զոհերի, հանուն մեր հերոս նահատակների հիշատակի, հանուն Արցախի, հանուն իր բնօրրանում հայի արժանապատիվ գոյատևման, հանուն հայկական պետականության։

Խոհեմ ազգերը, ժողովուրդները, գերդաստանները աղետի ու դժբախտության պահերին անտեսելով առկա տարաձայնություններն ու անհաշտություները, միավորվում և համերաշխություն են հայտնում միմյանց, դժվարությունները միասնաբար հաղթահարելու համար։ Հիմա եկել է այդ պահը, հիմա ազգովին կանգնած ենք աղետի` հայրենիքի ու պետականության կորստի, ազգային արժեքների խեղաթյուրման, սերնդային աղետի, հայկականության, հայի ինքնության ու պատմական հիշողության ոչնչացման և իր բնօրրանում հայի տեսակի ֆիզիկական չգոյության իրական սպառնալիքի առաջ։ Ապրիլի 24-ը կարող է ստուգատեսը լինել հայ ժողովրդի վերածնվելու, ինքնամաքրվելու, համերաշխության, արժանապատվության, պայքարելու և լինելիության կամքի ցուցադրության։ Այդ օրը հայ ժողովրդին վիճակված է առաքելություն ստանձնել՝ ազդարարարելու երկրի փրկության և արմատական վերափոխումների մեկնարկի մասին, այս ապազգային իշխանությունների հեռացման գործընթացի մեկնարկի մասին։ Վերափոխումներ, որ վերջ կդնեն երկրում համակողմանի և խոր ճգնաժամին, ազգային խայտառակությանը, յոթնամյա մղձավանջին, որ կկանխեն պետության կործանումը, հայ ժողովրդի հետևողական այլասերումը, բարոյազրկումը, հայկականության ոչնչացումը, պետական ինստիտուտների ու պետական խորհրդանիշների արժեզրկումն ու պղծումը, ազգային արժեքների խեղաթյուրումը։

Իշխանությունների ապազգային քաղաքականության, մտավորականներից շատերի նյութապաշտության, անխոհեմությսն և երկչոտության, քաղաքական ընդդիմության ամբիցիաների, անմիաբանության, մարդկանց մի զգալի մասի չարության, ատելության և անտարբերության հետևանքով ապրում ենք մեր պատմության թերևս ամենաօրհասական ու ամոթալի ժամանակահատվածը, լռելյայն ու հուսահատ հետևելով հայ ժողովրդի նվաստացմանն ու Հայաստան պետության կործանմանը։ Սիրելի հայրենակիցնե՜ր, չկա ոչինչ, որ համեմատելի ու չափելի լինի հայրենիքի հետ, հայրենիքի զգացողություն չունեցող մարդն էլ ամենավտանգավոր մարդն է։ Եվ հենց այս տեսանկյունից պետք է նայենք բոլորս և վեր կանգնենք ամեն տեսակի շահերից, ամբիցաներից ու փոխադարձ վիրավորանքներից, գաղափարական տարաձայնություններից ու կամակորություններից և չպետք է մոռանալ, որ բոլորս նույն նավի մեջ ենք։ Հիմա, առավել քան երբևէ, երկրում առկա է իշխանափոխության ու արմատական վերափոխումների հանրային պահանջ, առավել քան երբևէ իշխանությունների վարկանիշն ու արտաքին և ներքին աջակցությունը հասել են անհամեմատ ցածր մակարդակի։ Պայքարի տարերային դրսևորումները սակայն չեն կարող ապահովել ակնկալվող արդյունք։ Իսկ ընձեռված ժամանակը շատ սահմանափակ է։ Ժողովուրդն էլ պատրաստ է ըմբոստ պայքարի և սպասում է այն արժանավորներին, որոնք կարող են արժանապատվորեն առաջնորդել իրենց։

Հայկ Ղազարյան