Զատիկի տոն․ ինչ խորհուրդ ունի ներկած ձուն և ինչ գույն ներկել
Հայ Առաքելական եկեղեցին վաղը կնշի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ, նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Տեր Վրթանես Բաղալյանը գրում է. «Մեծ Պահքից դուրս ենք գալիս Ավագ Շաբաթվա Ավագ Շաբաթ օրը` երեկոյան Ճրագալույցի Սբ. Պատարագին հաղորդություն ստանալով:
Զատկի ձուն, որ խորհրդանշում է այս աշխարհը, ներկում ենք միայն կարմիր, որը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Արյունը, որով եղավ մեր փրկագոծությունը։
Կարմիր հավկիթներ առավել ևս ներկում ենք, եթե ընտանիքի անդամներից մեկն այդ տարի մահացել է։ Զատկի ձուն Հարության, Կյանքի Հավերժության խորհրդանշան է, հետևաբար, պիտի ներկվի հենց ա՛յդ ընտանիքներում` իբրև հոգևոր մխիթարություն, ի նշան կորցրած հարազատի հոգու անմահության և Երկնքի Արքայության համար հարություն առնելու հույսի։
Գերեզմաններ գնալու օրը տաղավոր տոնին հաջորդող ննջեցելոց հշատակի(մեռելոցի) օրն է (այս տարի ապրիլի 21-ին) և ոչ թե դրան նախորդող եկեղեցական մեծ տոնի օրը, անկախ նրանից, թե մարդը երբ է ննջել»։