Կառավարությունը մասնակի հետքայլ է կատարել․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ
Այսօր, ցավոք սրտի, մեր այն հիմնավոր փաստարկները չեն ընդունվել ավելի երկարաժամկետ լուծումներ տալու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը:
«Իրենց կողմից ևս եղել են առաջարկներ, որոնք մենք չենք ընդունել, բայց համաձայնության եզրեր այնուամենայնիվ եղել են: Կառավարությունը պատրաստ է ևս 2 ամսով 40 հազար դրամ աջակցությունը տրամարդել, հետքայլ եղել է մասնակի: 50 հազար դրամ աջակցության ծրագրի մասին խոսք լինել չի կարող, միայն 40 հազար դրամ յուրաքանչյուր անձի համար»,- ասաց նա:
Իսկանդարյանը նշեց, որ զուգահեռ պատրաստ են ձևավորել մասնագիտական խմբեր: «Կքննարկենք սոցիալական, բնակարանային ծրագրերի վերաբերյալ բոլոր հարցերը: Ընդունել են, որ ձախողել են ծրագիրը, փաստերը ներկայացրել ենք թվերի տեսքով: Պատմամշակութային ժառանգության մասով, որը ևս արտաքին քաղաքականության վեկտոր է պահանջում, ևս իրենք պատրաստ են քննարկել»,- նշեց նա:
Իսկանդարյանը տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած պահանջագրի 11 կետերի առնչությամբ ձեռնարկելու են բազմաթիվ քայլեր: «Այսօր պետք է հանրահավաքի մասին հայտարարությամբ հանդես գայինք, բայց ևս 2-3 օր անհրաժեշտ է մեր արցախցի մտահոգ քաղաքացիների հետ հանդիպում կազմակերպել, հասկանալու համար այս ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը որն է, որից հետո խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ»,-նշեց Նժդեհ Իսկանդարյանը։