Հովսեփ Օրբելի․մարդ, ով փրկեց Էրմիտաժը

Ապրիլի 15-ին աշխարհը նշում է Արվեստի համաշխարհային օրը:

Մշակութային ժառանգության կերտողներին, պահապաններին ու հանրահռչակողներին միավորող այս տոնի կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ արևելագետ Հովսեփ Օրբելու գործունեության ամենակարևոր իրադարձություններից, որոնք կապված են Պետական Էրմիտաժի եզակի հավաքածուի փրկության, պահպանման և ընդլայնման հետ։

Նա փրկեց և սերունդներին հանձնեց համաշխարհային մշակույթի գանձարանի մաս կազմող արժեքները:

Հովսեփ Օրբելին գիտությանն ու հոգևոր արժեքներին անվերապահ ծառայող մարդ էր:

1920թ. հոկտեմբերին նա դառնում է Պետական Էրմիտաժի Միջնադարյան Արևելքի բաժնի վարիչը։

Օգտագործելով իր դիրքն ու հեղինակությունը, 1930-ականների սկզբից Օրբելին ոտքի կանգնեց՝ պաշտպանելու Էրմիտաժի գլուխգործոցները առգրավելուց և արևմտյան աճուրդներում վաճառելուց:

1932թ. Օրբելին որոշեց անձամբ նամակ գրել Ստալինին, որում նա հայտարարեց Էրմիտաժի վրա կախված սպառնալիքի մասին՝ նախազգուշացնելով, որ դա կարող է անուղղելի վնաս հասցնել ամբողջ թանգարանային գործին։

Տարօրինակ կերպով առաջնորդը պատասխանեց. «Հարգելի՛ ընկեր Օրբելի, ստացա Ձեր նամակը 25.X ամսաթվով: Ստուգումը ցույց է տվել, որ Անտիկվարիատի հայտը հիմնավորված չէ: Այդ կապակցությամբ համապատասխան ատյանը պարտավորեցրել է Արտաքին առևտրի ժողովրդական կոմիսարիատին և նրա արտահանման գործակալություններին չդիպչել Էրմիտաժի Արևելքի հատվածին:

Կարծում եմ, որ հարցը կարելի է համարել սպառված»:

1934թ. Հովսեփ Օրբելին նշանակվում է Էրմիտաժի տնօրեն, ( տնօրենի պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1951թ.)։

Օրբելին նույնիսկ մեկ տասնամյակ անց՝ 1940-ականների սկզբին, կարողացավ հնարավորինս պաշտպանել Ռուսաստանի գլխավոր թանգարանի գանձերը։ Երբ Լենինգրադի մատույցներում սկսվեց խորհրա-ֆիննական պատերազմը, Էրմիտաժի տնօրենը, թանգարանի թանկարժեք իրերն ապահովագրելու համար, իշխանություններից գաղտնի սկսեց դրանք նախօրոք պատրաստել տարհանման:

Հենց դրա շնորհիվ էր, որ արդեն 1941թ., մինչ Գերմանիան կփակեր Լենինգրադի շուրջ շրջափակման օղակը, Էրմիտաժի գլուխգործոցներով երկու գնացք կարողացան հեռանալ քաղաքից։ Դա արվեց ճիշտ ժամանակին, քանի որ պաշարման ժամանակ նացիստները թիրախավորեցին թանգարանի շենքը՝ փորձելով ոչնչացնել դրա ամբողջ հավաքածուն:

Շրջափակման ողջ ընթացքում Օրբելին մնաց հայրենի թանգարանում՝ փրկելով հնարավորը, որի արդյունքում կորցրեց առողջությունը և տեսողությունը։

1946թ. գիտնականը ցուցմունք տվեց Նյուրնբերգի տրիբունալում՝ ապացուցելով Էրմիտաժը ոչնչացնելու Ռեյխի գործողությունների հանցավոր մտադրությունը:

Դատավարության ժամանակ Գերինգի փաստաբանը հարցրեց, թե որքանով է նա իրավասու ռազմական հարցերում պնդելու, որ նացիստները միտումնավոր փորձել են վնասել թանգարանը:

Օրբելին պատասխանել է. «Էրմիտաժը խոցվել է 30 արկով, իսկ մոտակա կամուրջը խոցվել է միայն մեկով, թիրախի ընտրությունն ակնհայտ է»։

Սանկտ Պետերբուրգի գիտական հաստատությունների շենքերի վրա, որտեղ նա աշխատել է, նրա պատվին հուշատախտակներ են տեղադրվել։

Հուշատախտակը, որը զարդարում է հենց Էրմիտաժի շենքը, կրում է հետևյալ պարզ խոսքերը. «1948-1961 թվականներին այս տանը ապրել է խորհրդային նշանավոր արևելագետ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին»: Այս խոսքերին կարող ենք ավելացնել՝ «մեկը, ում շնորհիվ Էրմիտաժը գոյություն ունի մինչ օրս»:

Օրբելի եղբայրների տուն-թանգարան