Ժողովուրդը մերժում է այս իշխանություններին, ժողովուրդը պատրաստ է վճռական գործողությունների

«Եւ եթէ այդտեղ` ապագայում, անկախ պետութիւն ունէնաք, ամէն բան արէ՛ք, որ այլեւս երբեք, երբեք չկորցնէք ձեր անկախութիւնը»,- գրել է Խրիմյան Հայրիկը։

Այս մեծ հայի պատգամին հակառակ սակայն, չարեցինք ամեն բան չկորցնելու համար և կորցրեցինք հայկական պետականություններից մեկը` Արցախը, իսկ հիմա հայկական երկրորդ պետությունն ենք կորցնում և նորից չենք անում ամեն բան, որպեսզի չկորցնենք։ Իշխանությունների ջանքերն էլ ուղղված են ամեն կերպ հիմնավորելու մեր երեքհազարամյա պատմական հայրենիք հանդիսացող Արցախն ու Հայաստանի մի շարք տարածքներ Ադրբեջանի մաս ճանաչելուն։ Սա սեփական հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ ուրացման յուրօրինակ ու աննախադեպ երևույթ է։

Մեծարգո ընդդիմադիր քաղաքական այրեր, սիրելի մտավորականներ, սթափվել է պետք, հիմա երկրորդ հայրենիքն ու պետությունն ենք կորցնում։ Լավ մտածեք, արժի՞ արդյոք հանուն անգամ ամենամեծ կարողության, շահի ու աշխարհակալ փառքի սեփական հայրենիքն ու ժողովրդին ուրանալ և պատմության ու Աստծո դաժան դատաստանին արժանանալ։ Ձեռք մեկնել է պետք այս բազմաչարչար, խաբված, խռոված, հուսահատ ու տառապած ժողովրդին՝ դուրս բերելու այս մղձավանջից, այս նվաստ վիճակից, մոլորությունից։ նրանք Ձեր աջակցության, կարեկցանքի ու քաջալերման կարիքն ունեն։ Այդ նրանց քվեներով ու աշխատանքով եք շատերդ ձեռք բերել փառք, հարստություն ու կարողություներ, արժանացել պատվի ու հեղինակության և լողացել վայելքների մեջ։ Ազգի մեծահարուստներն էլ, որ հիմնականում հարստացել են գրոշներով խորհրդային ժողովրդի ունեցվածքին տեր դառնալու միջոցով, հիմա անտարբեր հայացքով երկրի կործանմանն են հետևում։

«Յուսամ` ձեր պետութեան մէջ մեծահարուստներն այդպէս անբարտաւան չեն եւ չեն դաշնակցի վատ իշխանութեան հետ` ընդդէմ ժողովրդի»,- գրել է Խրիմյան Հայրիկը։

Պարզվում է ժողովուրդն ընդամենը մեկանգամյա օգտագործման ընտրազանգված է եղել, իսկ հայրենիքը` կթու կով, հարստանալու, Արցախն էլ` շահարկման միջոց` Ձեր նպատակներին հասնելու համար։ Հիմա, երբ հայրենիքը վիրավոր է, արնաքամ, պատանդ թուրքի ձեռքում, այլևս պետք չէ՞ Ձեզ։ Հիմա տեր չեք կանգնում այդ նույն ժողովրդին։ Պարզվում է՝ արժանի չեք եղել ժողովրդին և իրականում ընդհանուր ոչինչ չեք ունեցել պետության ու ժողովրդի հետ։ Ժողովուրդը մերժում է այս իշխանություններին, ժողովուրդը պատրաստ է վճռական գործողությունների, նրան արժանապատվորեն առաջնորդել է պետք։ Ժողովուրդն առաջ է անցնում իր քաղաքական ընդդիմադիր էլիտայից, ժողովուրդը իմաստուն է, զգում է վերահաս վտանգը և պատրաստ է վճռական գործողությունների։ Հիմա գնդակն ընդդիմության դաշտում է, իշխանությունն էլ առավել, քան երբևէ թուլացած է, բացահայտված է ու վարկաբեկված։ Պարզվում է ժողովրդի իրական ողբերգությունն էլ նրա որոշ ընդդիմադիրների ու մտավորականության կեղծավորության, անճարության, նյութապաշտության, լոյալության, կապրիզների, անհամերաշխության, անհանդուրժողականության ու ամբիցիաների մեջ պետք է փնտրել։ Գյումրիում տեղի ունեցող տհաճ «բազարներն» ու «ռազբիրատներն» էլ դրա վառ վկայությունն են։ Բայց չէ՞ որ ազգի մեծերի` իրական մտավորականի, քաղաքական ու պետական գործիչների համար առաջին տեղում հայրենիքը, ազգային արժանապատվությունը, գաղափարն ու սկզբունքը պետք է լինեն, ոչ թե նյութը, վայելքներն ու փառքը։ Այդ դուք եք կոչված ազգին արժանապատվորեն առաջնորդելու մեր մեծերի սխրանքների ուղիով, Ձեր վրա վերցնելով պատասխանատվություն, պատրաստ լինել անցնել տառապանքների ու զրկանքների միջով։ Չէ՞ որ Աստված ում շատ է տվել, նրանից շատ է պահանջում։ «Անբարոյական է իրեն երջանիկ զգացող անհայրենիքը, լինի դա անհատ, թե ժողովուրդ». կարծես այս իրավիճակի համար է ասել Գարեգին Նժդեհը: Ուզում եմ բոլորս լավ իմանանք, որ անցողիկ է ամեն ինչ, և փառք, և շահ և վայելքներ։ Մնայուն են հայրենիքը, թողած գործերն ու անունը։

Հայկ Ղազարյան