Հայաստանի դատաիրավական համակարգը հիվանդ չէ, մահամերձ է, խռխռոցն է լսվում

Այս համոզմանն է հանգել «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանը: Հիվա՞նդ է… Հայաստանի դատաիրավական համակարգը հիվանդ կամ, կարելի է ասել, նույնիսկ շատ ծանր հիվանդ էր դեռ նախորդ իշխանության օրոք, այժմ մահամերձ է, խռխռացնում է: Չենք ասում՝ արդեն մահացած է, որովհետև իրենց խիղճը 30 արծաթով չծախած, ինչպես նաև իրենց գործի գիտակ, մասնագիտական համապատասխան ունակություններ ունեցող դատավորներ, քննիչներ, դատախազներ, որպես սպիտակ ագռավներ, դեռ կան…

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Իսաղուլյանին (Իսագուլյանի) առնչվող քրեական գործը, նրան առաջադրված շինծու մեղադրանքները (https://livenews.am/2021/148654/21/23/15/ , https://livenews.am/2021/148836/22/23/15/ , https://livenews.am/2022/156881/14/11/47/ ), հասարակական գործիչ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական վարույթը Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայիս վիճակը բնութագրող օրինակների ընդամենը չնչին մասն են:

Ահա ևս մեկ օրինակ՝ «Դատավորը լրագրողին դարձրել է փաստաբան, հղում կատարել զինդատախազության չեղած գրությանը» , որին շուրջ երկու շաբաթ առաջ անդրադարձավ LIVEnews.am- ի «Փաստաբանը և Դու» հեղինակային հաղորդաշարը:

LIVEnews.am- ի խմբագրությունը ստացել է «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ- չինական համատեղ ձեռնարկություն ՍՊ ընկերության տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանի «Հայաստանի դատաիրավական համակարգը հիվանդ է կամ արդարադատության ծաղր» վերտառությամբ նամակը, որը նույնությամբ հրապարակում ենք ստորև.

«Ինչպես կարող է իրավական համակարգը հիվանդ չլինել, երբ երկրի թիվ 1 պաշտոնյան կամ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարել է՝ «Այդ ո՞ր դատավորն է, որ կարող է վաւրչապետի ասածը չանել»: Այս հայտարարությունից, անկասկած, հետևություններ են արել նաև դատախազությունը և քննչական մարմինները: Եթե բժշկի թույլ տված սխալը կարող է մարդուն ֆիզիկապես հաշմանդամ դարձնել, ապա քննիչի սխալը նույնպես կարող է մարդուն յուրօրինակ կերպով հաշմանդամ դարձնել՝ խեղելով նրա ճակատագիրը:

Ապաշնորհ, հետևանքներ ունեցած բժշկական սխալ թույլ տված բժշկին պատասխանատվության են ենթարկում, իսկ, մեղմ ասած, անբարեխիղճ քննիչի հետ ինչպե՞ս են վերաբերվում…

Խոսքս ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Սահակ Մինասյանի մասին է: Վերջինս 2023թ. ապրիլի 20- ի որոշման մեջ նշել է, որ 2023թ. ապրիլի 19- ին «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ- ի տնօրեն Ռուդոլֆ Սուրենի Հակոբյանը (խոսքը վերաբերում է ինձ՝ ձեր խոնարհ ծառային) հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2012 թվականին «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ- ի իրավաբանական բաժնի պետ Միհրան Սամվելի Գալստյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հայտնել է կեղծ տեղեկություն և ներկայացրել է կեղծ փաստաթուղթ, որի արդյունքում դատարանը վճիռ է կայացրել ի վնաս «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ- ի, ինչը հանգեցրել է խոշոր չափերի գույքային վնասի:

Քննիչ Մինասյանը իմ հաղորդումը ստանալուց հետո պարտավոր էր բազմակողմանի, խորը, օբյեկտիվ քննություն կատարել հաղորդման ու դրան կցված փաստական ապացույցների, որոնք հանդիսանում են հաղորդման ապացուցողական հիմքը: Փոխարենն ինչ է արել քննիչ Մինասյանը… Մեղմ ասած, կատարել է միակողմանի, մակերեսային ուսումնասիրություն, որն էլ հանգեցրել է ոչ օբյեկտիվ որոշման կայացմանը: Մասնավորապես, ինձ՝ ՍՊԸ- ի տնօրենին, չի հրավիրել, որպեսզի բացատրություն վերցնի, ինձանից կարծիք չի հարցրել «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ- ի իրավաբանական վարչության պետ Մ. Գալստյանի կողմից քննիչին տրված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների վերաբերյալ:

Փոխարենը՝ բանկի իրավաբանական վարչության պետն է հրավիրվել, որն էլ իրականության հետ աղերս չունեցող և իրեն ձեռնտու տեղեկություններ է ներկայացրել քննությանը: Բերեմ մի քանի դրվագ քննիչ Մինասյանի կայացրած վերոնշյալ որոշումից, որը, դատելով ամենից, գրվել է բանկի իրավաբանական վարչության պետի հրամցմամբ:

Մասնավորապես, որոշման մեջ վկայակոչվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածը, համաձայն որի՝

«1. Վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

2.Վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46- րդ գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով»:

Լավ օրենք է, խոսք չկա, բայց մի հարց եմ ուզում տալ պարոն քննիչին. դպրոցում կամ բուհում, երբ ձեզ հարց էին տալիս Ավարայրի ճակատամարտից, դուք խաչակրաց արշավա՞նքն էիք նկարագրում: Այդպես էլ խնդրո առարկա որոշումը կապ չունի իմ հաղորդման մեջ բարձրացված հարցերի հետ:

Հաղորդմանս մեջ հստակ նշված է, որ թիվ ԵԿԴ/2047/02/12 քաղաքացիական գործի շրջանակներում բանկի իրավաբանական վարչության պետ Մ. Գալստյանը ստել է՝ դատարանին ասելով, թե մեր ՍՊԸ- ն հայտ չի ներկայացրել լրացուցիչ վարկ ստանալու համար: Այստեղից եզրակացություն՝ եթե հայտ չկա, ուրեմն քննարկման առարկա էլ չկա:

Որպես ապացույց, հաղորդմանս էի կցել էլեկտրոնային կրիչը (լազերային սկավառակը) թիվ ԵԿԴ/2047/02/12 դատական նիստի ձայնագրության, որում հստակ լսվում է Մ. Գալստյանի ձայնը, որը, ինչպես ասում են, «կաշվից դուրս գալով», պնդում է, որ «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ն ոչ մի հայտ չի ներկայացրել: Սակայն…

Դատից որոշ ժամանակ անց բանկը հասնում է իմ և գործընկերներիս դեմ մեկ այլ քրեական գործի հարուցման, որի շրջանակներում բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը քննչական բաժին ներկայացրել է տեղեկանք՝ վկայող այն մասին, որ իմ ղեկավարած ՍՊԸ-ն իսկապես ներկայացրել է հայտ: Հետևաբար անժխտելի է այն փաստը, որ Մ. Գալստյանը ստել է դատարանում, ինչը «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի համար ունեցել է անդառնալի հետևանք: Ապացույցներին, բնականաբար, կցված են նաև թիվ 13201910 քրեական գործին առնչվող նյութերը, որոնք, սակայն, քննիչ Մինասյանն օգտագործեց իմ դեմ:

Քննիչը, մասնավորապես, 2023թ. ապրիլի 20- ի որոշման մեջ նշել է, որ «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ- ին տրամադրել է 1.075.000 ԱՄՆ դոլար վարկ, սակայն չի նշել ավագ քննիչ Է. Այվազյանի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 27.12.2013թ. որոշման մեջ արձանագրվածը, որ վարկն ամբողջովին մարված է, դեռ մի բան էլ ավելին հետ է վերադարձվել: Քննիչի կողմից «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի նկատմամբ կանխակալ, աչառու վերաբերմունքն ակնհայտ է: Քննիչ Մինասյանը բանկի գործադիր տնօրենի կողմից տրված տեղեկանքում նշվածը համարել է իմ ենթադրությունը:

Կարծում եմ, շատ լավ հասկանալով, որ իր ընդունած որոշումը հակաօրինական է, քննիչը տվյալ որոշումն ինձ չի ուղարկել: Հաղորդումիցս 3 թե 4 ամիս հետո որոշում չստանալով, գնացի դրա հետքերով: Պարզվեց, որ որոշումը կայացվել է շատ վաղուց: Այն ստացա գրասենյակից, հեռախոսով մի կերպ կապվեցի քննիչի հետ: Կարող է զավեշտալի թվալ, բայց նա ինձ համառորեն խորհուրդ էր տալիս բողոքել վերադաս դատախազին, այսինքն՝ ուզում էր օրինականացնել իր ընդունած ապօրինի որոշումը վերադաս դատախազի կողմից դրա հաստատմամբ, ինչը դժվար չէր կռահել: Բնականաբար, մերժեցի՝ հասկանալով, թե ինչ որոշում է կայացնելու վերադաս դատախազը:

Համարում եմ, որ քննիչ Մինասյանը որոշման վերջում իմ անձի և «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի նկատմամբ դրսևորել է անհարգալից ու ծաղրական վերաբերմունք՝ գրելով, թե «նման պայմաններում Ռուդոլֆ Հակոբյանի կամ կազմակերպության շահերին էական վնաս դրանով չէր կարող պատճառվել»:

Ընդգծեմ՝ եթե քննիչը կատարեր բազմակողմանի, խորը և օբյեկտիվ քննություն, այլ ոչ թե Միհրան Գալստյանի ասածներն ընդուներ հալված յուղի նման ու զետեղեր իր որոշման մեջ, ապա կտեսներ, որ ես կորցրել եմ իմ ողջ շարժական և անշարժ գույքը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այժմ քննվում է թիվ ԵԿԴ/0448/02/14 քաղ. գործը՝ բանկի դեմ, ըստ իմ հակընդդեմ հայցի և մեկ այլ հայցվորի հայցի, ընդհանուրը 4.6 մլրդ դրամ հայցապահանջով, ա՛յն բանկի, որի իրավաբանական վարչության պետն է Միհրան Գալստյանը:

Սահակ Մինասյանի նման քննիչները դեռ երկա՞ր ժամանակ կշարունակեն մարդկային ժակատագրեր խեղել…»:

Հավելենք, որ թեմային ավելի վաղ անդրադարձել ենք «Ով է Նիկոլի և Աննայի հետ ջերմ հանդիպումներ ունեցած գործարար Վարդան Սրմաքեշը. 3» հոդվածաշարով :

«Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանը թիվ ԵԿԴ /0448/02/14 քաղաքացիական գործով ներկայացրած հակընդդեմ հայցադիմումով (պատասխանող՝ «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ) նաև «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ- ի (բանկի) սեփականատեր Վարդան Սրմաքեշին ու նրա հիշյալ բանկի ղեկավարությանն է մեղադրում իր կամ իր ղեկավարած ընկերության նկատմամբ «թույլ տրված ապօրինությունների» համար (մեջբերված ձևակերպումը Հակոբյանինն է), որոնց արդյունքում, ըստ նրա, կործանվել է վերոնշյալ ՍՊԸ- ն:

 

Արթուր Հովհաննիսյան