15-ամյա աղջիկը Փամբակ գետն է ընկել
Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Լոռու մարզային փրկարարական վարչության և Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Այս պահին մեծ թվով քաղաքացիներ փրկարարներ պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է և կա ականատես, որը տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։ Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում, պարզում են նաև թե մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ։

