Մեկնարկել է «Հուզական աջակցության թեժ գիծը»
Սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծառայությունը, այն հասանելի է 080 000 900 անվճար հեռախոսահամարով բոլոր աշխատանքային օրերին` ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ն։
Ծառայության նպատակն է հուզական աջակցության տրամադրմամբ նպաստել անհատների հոգեհուզական մարտահրավերների հաղթահարմանը։
Վերապատրաստված մասնագետների եւ կամավորների կողմից հասանելի աջակցության տրամադրմամբ այս ծառայությունն արձագանքում է Հայաստանում հոգեկան եւ հուզական բարեկեցության առկա մարտահրավերներին՝ ձգտելով նվազեցնել անհատների հոգեհուզական ճգնաժամերի աճը՝ օգնելով կանխարգելել բացասական հետեւանքները։
Ծառայությունն իրականացվում է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
«Հոգեհուզական ճգնաժամում գտնվող անձանց կտրամադրվի անհապաղ աջակցություն վերապատրաստված հոգեկան առողջության մասնագետների եւ կամավորների կողմից: Համոզվելով, որ ժամանակին եւ մշակութային առումով տեղայնացված աջակցությունն ավելի հասանելի է՝ նախաձեռնության նպատակն է լրացնել ծառայությունների եւ աջակցության առկա բացը։
Այս նախաձեռնության շնորհիվ մենք ձգտում ենք աջակցել այն անհատներին, ովքեր այլ հանգամանքներում կարող էին չընդգրկվել աջակցության ծառայությունների շրջանակում։ Թեժ գծի պիլոտային նախագիծը նախատեսում է ապահովել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կանխարգելիչ գիտահեն աջակցություն։
«Հուզական աջակցության թեժ գիծը» մեր եւ Երևանի քաղաքապետարանի հոգեկան առողջության կարիքների ժամանակին եւ հոգատար հասցեագրման համատեղ հանձնառության արտահայտումն է։ Հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության բարելավմամբ մենք ձգտում ենք նվազեցնել հոգեկան առողջության ծառայություններից օգտվելու խոչընդոտները եւ խթանել հանրության բարեկեցությունը»,- նշված է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի էջում։

