Եվրահանձնաժողովը սկսել է Ղազախստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման ընթացակարգը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը Ալմաթիում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ սկսվել է Եվրահանձնաժողովի և Ղազախստանի միջև վիզաների տրամադրման պարզեցման վերաբերյալ համաձայնագրի կնքման ընթացակարգը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ինչպես ընդգծել է Կայա Կալասը, այն փաստը, որ Ղազախստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որը ստորագրել է Եվրամիության հետ Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, հաստատում է երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը։ Նա հայտնել է Եվրահանձնաժողովի և Ղազախստանի միջև վիզաների տրամադրման կարգի պարզեցման համաձայնագրի կնքման մասին»,- նշվել է հաղորդագրությունում։
Ի պատասխան՝ Տոկաևն ընդգծել է, որ Ղազախստանը դրական է ընկալում այս լուրը, քանի որ այն լայն հնարավորություններ է բացում եվրոպական երկրների հետ միջանձնային և գործարար կապերի ամրապնդման համար։
Ավելի վաղ Կալասը «Казахстанская правда» թերթի հարցազրույցում հայտնել էր, որ 27 անդամ երկրներ սատարում են այն գաղափարին, որ Եվրահանձնաժողովը պետք է բանակցություններ սկսի Ղազախստանի հետ՝ վիզաների տրամադրումը պարզեցնելու վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ՝ ռեադմիսիայի (պետության համաձայնությունը՝ ընդունելու իր քաղաքացիներին) համաձայնագրին զուգահեռ:

