Թարմացնենք Ալեն Սիմոնյանի հիշողությունը կամ՝ Պատերազմ առանց պատերազմի
Երեկ ճեպազրույցում ԱԺ նախագահը, պատասխանելով լրագրողի հարցին, թե որ ոլորտներում է հաջողել իշխանությունը, ինքնագոհությամբ թվարկել է՝ ազատությունների, իրավունքի, անվտանգային՝ մասնավորապես շեշտելով արտաքին անվտանգության ոլորտում այս իշխանության «ձեռքբերումները»․ «Այո՝ անվտանգային։ Դուք չէի՞ք, որ պատերազմից անմիջապես հետո ասում էիք՝ նոր պատերազմ է լինելու, հարձակվելու են, Հայաստանը վերացնեն, որ նույն բանակցողը չի կարող բանակցել: Ապոկալիպտիկ այն հայտարարությունները, որ արվում էին անմիջապես պատերազմից հետո… Մենք այսօր ունենք համաձայնեցված պայմանագիր․․․»:
Լավ կլիներ, որ լրագրողները մեկ անգամ ևս հիշեցնեին Ալեն Սիմոնյանին, թե 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քանի՞ անգամ է զինված ոտնձգություններ իրականացրել գոնե թե 2021-22 թվականներին, որի հետևանքով մենք 200-ից ավելի մարդկային կորուստներ ենք ունեցել, և այսօր ավելի քան 200 քառակուսի կմ տարածք հակառակորդը գրավել է ու դուրս չի գալիս այդտեղից։ Հայրենական իշխանության ներկայացուցիչներն էլ հուսադրում են, որ սահմանազատման գործընթացից հետո նրանք ուզած-չուզած հեռանալու են ՀՀ ինքնիշխան տարածքներից, և որ իրենք չեն պատրաստվում դրանք ռազմական ուժով հետ բերել։ Այդ դեպքում Գորիս-Կապան հսկայական ճանապարհահատվածը, որ պաշտոնապես ու իրավաբանորեն հանձնվեց թշնամուն, նույնպե՞ս ՀՀ տարածքի կորուստ չպետք է համարել, և կարող ենք ասել, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ոչ մի թիզ հող մեզնից չի խլել, հնարավորինս իր դիրքերը չի մոտեցրել հայկական բնակավայրերին այնպես, որ դրանք անմիջապես նրանց կրակոցների թիրախում են հայտնվել, որ ռազմավարական նշանակության բարձունքներ չի գրավել մեր հլու զիջմամբ, ինչի հետևանքով մեր ռազմական տեղաշարժն ամբողջությամբ նրանց դիտակետում է հայտնվել։ Արդյո՞ք դրանք պատերազմական գործողությունների միջոցով չեն իրագործվել։ Գոյություն ունի սողացող պատերազմ հասկացությունը, որն էլ բանեցնում է թշնամին աստիճանաբար Հայաստանի տարածքներն ամբողջությամբ օկուպացնելու նպատակով։ Կա նաև դիվանագիտական պատերազմ, որն էլ փաստաթղթերով տարածքների զիջում է նախատեսում։ Այդպես, օրինակ, Արցախն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին, և Փաշինյանը միանձնյա ստորագրեց Արցախի ամբողջական կապիտուլյացիայի փաստաթուղթը Պրահայում։ Եվ մենք հիմա չգիտենք, թե այսպես կոչված խաղաղության համաձայնագրով ինչ տարածքային զիջումներ են արվել Ալիևին, բայց որ դրանք կան՝ որևէ մեկը չի կասկածում։
Բավականին կարճ հիշողություն ունի ԱԺ նախագահը կամ էլ, ինչն ավելի հավանական է, հայ ժողովրդին է դրել հիշողություն չունեցող մոլորյալների տեղ։ Այսօր էլ, ի դեպ, Սիմոնյանի գովերգած համաձայնագրի առկայությունից ու քննարկման ավարտից հետո էլ Ադրբեջանը շարունակում է պատերազմով սպառնալ ու սահմանագծին կրակոցներով վախի մթնոլորտ է ստեղծում։ Նման պայմաններում որքանո՞վ է բարոյական խոսել արտաքին անվտանգային խնդիրները լուծած լինելու մասին, երբ այդ նույն իշխանության ներկայացուցիչները նախկին իշխանությունների ժամանակ կոկորդ էին պատռում սահմանին ամեն կրակոցի համար ու իշխանություններին մեղադրում երկիրը պատերազմական վիճակում պահելու մեջ։ Հիմա եկել են ու իրենց փրկիչների տեղ են դրել, թե Հայաստանը դուրս են բերել անելանելի ստատուս քվոյի վիճակից ու շուտով հուշարձան են կանգնեցնելու իրենց պատվին՝ խաղաղության աղավնու տեսքով։ Հիմա սրանք ո՞ւմ են հիմարի տեղ դնում։
Հիշեցնենք նաև մեր խորհրդարանի նախագահին, որ տարեցտարի Ալիևն ավելացնում է իր ռազմական բյուջեն, 2025 թվականին էլ զինված ուժերին տրամադրվող գումարը 20 տոկոսով ավելացել է։ Ո՞ւմ դեմ է պատերազմի պատրաստվում Ալիևը, եթե, ինչպես հավատացնում է Նիկոլի խմբակը, Հայաստանի հետ նրանք պատրաստվում են երկարատև խաղաղություն հաստատել։ Կամ ինչու է շարունակում իր ծավալապաշտական հայտարարությունները «արևմտյան Ադրբեջանի» մասին, որը ամբողջ Հայաստանի գրեթե 60 տոկոս տարածքն է ընդգրկում, ինչո՞ւ օրակարգից այդ թեման դուրս չի բերում, ինչո՞ւ Հայաստանին պարտադրելով հանդերձ ինքն էլ չի պատրաստվում փոխել իր Սահմանադրությունը, որում Հայաստանի մարզերի ու բնակավայրերի մի մասը ադրբեջանական են համարվում և Սահմանադրությամբ նախատեսվում է դրանք բռնակցել Ադրբեջանին։ 2024 թվականի տարեվերջին Ալիևը նոր հրաման է արձակել, որում հիշատակվում է 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի մասին, 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայի մասին, դա գնահատվում է սեփական տարածքային ամբողջականության վերականգնում: Հրամանում հստակ է, որ նույնը Ալիևը պատրաստվում է անել ՀՀ ինքնիշխան տարածքի հետ։ «Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը, առաջնորդվելով ազգային շահերով, նոր իրողությունների պայմաններում ավելի վճռական և սկզբունքային է շարունակում իր անկախ քաղաքականությունը՝ հիմնված Սահմանադրության պահանջների և իր ինքնիշխան իրավունքների վրա, և վստահորեն շարժվում է դեպի գալիք ռազմավարական նպատակներ»,- նշված է հրամանում:
Մյուս կողմից էլ թերևս ճիշտ է Ալեն Սիմոնյանը, ինչո՞ւ պատերազմի Ալիևը, եթե առանց ռազմական ուժի կիրառման էլ հասնում է իր նպատակին՝ Նիկոլի գործուն աջակցությամբ։ Ալիևը չէ՞ր, որ խոստանոմ էր Հայաստանը գրավել առանց տանկերի, ոտքով մտնել ու քայլել առաջ։ Ի դեպ, ականատեսների վկայությամբ՝ հենց այդ կերպ է եղել նաև Շուշիի գրավումը։
Թագուհի Ասլանյան

