Խոստացել էին թոշակները վերանայել 2025-ին, հիմա հասկացրին, որ 2026-ին էլ նման հույս չունենան

Դեռ 2025 թվականի բյուջեի նախագիծը քննարկելու ժամանակ մեր թոշակառուներին կառավարությունը հստակ հասկացրեց, որ այս տարվա ընթացքում չսպասեն կենսաթոշակների բարձրացման, նման բան չի նախատեսվում, և բյուջեից որևէ լումա չի տրամադրվելու կենսաթոշակառուներին։ Այնինչ 2024 թվականին, երբ  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ այդ տարի ևս պետք չէ կենսաթոշակների ու նպաստների բարձրացում ակնկալել, նա խոստացավ, որ 2025 թվականին նոր միայն կենսաթոշակի բարձրացում է նախատեսվում։ Բայց դա էլ հերթական սուտն էր։

Հայրենական իշխանությունների համոզմամբ՝ տարեցները բավականին գումար են ստանում, որպեսզի կարողանան լիարժեքորեն իրենց գլուխը պահել՝ հոգալ կոմունալ ծախսերը, լիարժեք սնվել, դեղորայք ձեռք բերել․․․ Այսինքն՝ նվազագույն 36 հազար դրամ թոշակը և միջին 50 հազար դրամ թոշակը արժանապատիվ քաղաքացու գումար է։ Համենայն դեպս, Փաշինյանը մի առիթով գլուխ էր գովում, թե իրենց կառավարության տարիներին հինգ անգամ վերանայվել է կենսաթոշակը։ Եվ դա ըստ նրա՝ աննախադեպ քայլ է։ Լավ է չավելացրեց, թե իրենից շատ գումար են ստանում, էլ ի՞նչ են ուզում։ Հիշեցնենք, որ 2021 թվականից այս կողմ նվազագույն կենսաթոշակը 26 հազար 500 դրամից դարձել է ընդամենը 36 հազար դրամ, իսկ միջին կենսաթոշակը 43 համար 600 դրամից՝ մոտ 50 հազար դրամ՝ 49 հազարից քիչ ավելի։ Բայց իր թոշակառուներին այսքան երես տվող իշխանությունները մոռանում են զուգահեռ հրապարակել այդ ընթացքում պարենային շուկայում գնաճի դինամիկան, թե որքանով են աճել առաջին անհրաժեշտության մթերքների գները, և թոշակառուներին տրվող չնչին գումարով այդ շուկայից ինչ է հնարավոր գնել, քանի՞ օր կարող է թոշակառուն այդ գումարով գոնե սնվել՝ եթե չհաշվենք մնացած ծախսերը։

Ինչպես նշում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ կատարած հաշվարկներով՝ նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում կազմում է 68 հազար դրամ։ Այսինքն՝ գոնե այդքան գումար է անհրաժեշտ շարքային քաղաքացուն, որպեսզի նա կարողանա իր նվազագույն կենսական կարիքները հոգալ։ Բայց ինչպես ամեն ինչում, այս դեպքում ևս կառավարության ներկայացուցիչները փորձում են հարցը մանիպուլացնել, որպեսզի մեծահոգի ու առատաձեռն երևան։ Ի՞նչ են արել։ Հաշվարկել ու ներկայացրել են, թե նվազագույն սպառողական զամբյուղը 41 հազար դրամ է կազմում։ Այնինչ Թադևոս Ավետիսյանը պարզաբանում է, որ այդ հաշվարկն արվել է 20 տարվա հնության մեթոդաբանությամբ՝ առանց հաշվի առնելու նաև ներկայիս գնաճը, շուկայում առկա գները, մարդկանց կենսական կարիքները։ Ավելին՝ հաշվարկի հիմքում դրվել է աղքատությունը, այսինքն՝ չի նախատեսվել, որ այդքան գումարով կարելի է բարեկեցիկ գոյություն ապահովել, ընդամենը՝ գոյատևելու համար։

Եվ ահա այսօր պարզվեց, որ եկող՝ 2026 թվականին ևս Փաշինյանի իշխանությունը չի շտապում սիրաշահել թոշակառուներին գոնե հերթական ընտրություններին ընդառաջ։ Այսօր Ազգային ժողովում 2026 թվականին կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ նախագիծ էր ներկայացվել, որը սակայն մերժվեց, փաթեթը հանվեց շրջանառությունից, քանի որ նույն Նարեկ Մկրտչյանն ասաց՝ այն նպատակահարմար չի գտնում։ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի նպատակը կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականությունն ավելի կանխատեսելի դարձնելու միջոցով տարեց, հաշմանդամություն ունեցող, կերակրողին կորցրած անձանց համեմատաբար բարեկեցիկ կյանք ապահովելն է։ Փաստացի կառավարության ու ընդհանրապես ներկա իշխանությունների համար աննպատակահամար է այդ մարդկանց բարեկեցիկ գոյությունը։ Անկասկած է, որ ընթացիկ և եկող տարիներին պարենային գներն էլ ավելի կաճեն՝ մուլտիպլիկատիվ ազդեցությամբ նպաստելով աղքատության և ծայրահեղ աղքատության թվերի աճին և երկիրը գլորելով սոցիալական կոլապսի գիրկը։

Թագուհի Ասլանյան