Այս տարի վաղահաս կարտոֆիլի ցանքսը նպատակահարմար է սկսել մարտի երրորդ տասնօրյակից. ՇՄՆ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ից խորհուրդներ են տրվել հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանքսի վերաբերյալ

«Հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները՝ հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի տնկումը կատարվում է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +10․․․+14°C (վարելաշերտում 0-20 սմ՝ մինչև +7․․․+10°C )։

Մարտ ամսվա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր +1-2°C , տեղումների քանակը՝ նորմային մոտ։

Հովտային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +7․․․+10°C։ Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -6․․․-10°C, Սյունիքիի հովտային շրջաններում՝ մինչև -4․․․-7°C, իսկ առավելագույն ջերմաստիճանը սպասվում է +17․․․+21°C, Սյունիքի հովիտներում՝ +20․․․+25°C։

Տեղումների քանակը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է 20-41 մմ։

Այս տարի վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի երրորդ տասնօրյակից։

Ցրտահարությունից խուսափելու համար ցանքսը նպատակահարմար է կատարել հողի ավելի խորը շերտում »,-ասվում է հաղորդագրության մեջ։