Կոնկրետ այսօր հաջողություն չունենք. ԱԱԾ տնօրենը՝ գերիների վերադարձի մասին

Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքով աշխատանքները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Հարցին՝ աճյուններ տեղափոխելու ժամկետներ կարո՞ղ է նշել, նա  պատասխանեց. «Չեմ կարող ժամկետներ նշել: Սրանից ամիսներ առաջ ես ասում էի, որ հանդիպում է տեղի ունենալու և այն վերջապես տեղի ունեցավ փետրվարի 7-ին: Ամեն ինչ արվում է, որպեսզի  հաջորդ հանդիպումը տեղի ունենա և  դրա արդյունքում այն արձանագրված կետերը, որոնք հուզում են անհետ կորածների, գերեվարվածների ծնողներին, այդ հարցերի պատասխանը ստանանք»:

Գերիների վերադարձի հարցով արդյունքների մասին Ա. Աբազյանն ասաց. «Շոշափելի արդյունքների մասով այս պահին չեմ ուզում որևէ բան բարձրաձայնեմ։ Հիմա դուք ուզում եք այդ ցավոտ ու շատ բարդ հարցի շուրջ պատասխան ստանաք, իսկ այդ պատասխանը կարող է լինի ու ձեզ չգոհացնի, ոչ թե չգոհացնի, որ մենք հաջողություններ չունենք, այլ չգոհացնի, որովհետև կոնկրետ այսօր հաջողություն չունենք»: