ՀՀԿ-ն շարունակելու է ԼՂ հիմնախնդրի և արցախահայության վերադարձի հարցերը ներկայացնել միջազգային ձևաչափերում

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարություն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

– Ողջունելով Շվեյցարիայի Դաշնային Ժողովի վերին պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձին վերաբերող նախագծի ընդունումը,

– Շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին հայ ժողովրդի հանդեպ մշտապես ցուցաբերվող ուշադրության և համերաշխության համար,

– Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի նկատմամբ բոլոր միջազգային դերակատարների և գործիչների ջանքերը,

– Շահագրգռված լինելով Հարավային Կովկասում իրական, արդար և կայուն խաղաղություն հաստատելու հարցում,

– Հիմք ընդունելով շվեյցարական խորհրդարանի կողմից վերը նշված փաստաթուղթը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է՝

– Ի հակառակ Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ,

– Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է ցեղասպանական գործողության՝ էթնիկ զտման,

– Մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը խնդրի լուծմանն ուղղված լրացուցիչ ձևաչեփերը կարող են իրենց նպաստը բերել կարգավորման հարցում,

– Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերը առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում,

– Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որևէ կերպ չի արծարծվում Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում, ինչը օրվա կառավարիչների միակողմանի զիջողականության հերթական դրսևորումն է

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հետապնդելով բացառապես հայ ժողովրդի ազգային և պետական շահերը, շարունակելու է ԼՂ հիմնախնդրի և արցախահայության անվտանգ և երաշխավորված վերադարձի հարցերը ներկայացնել և պաշտպանել իրեն հասանելի միջազգային ձևաչափերում։