Արմեն Գրիգորյանը Հայաստանի՞, թե Ադրբեջանի ԱԽՔ-ն է
Երեկ ՀՀ իշխանությունը զավթած խմբակի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ պատրաստակամություն հայտնելով ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը։ «Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,- գրել էր նա։ Ենթագիտակցությունը Փաշինյանին ճիշտ միտք է թելադրել՝ միայն ինքն է պատրաստ ստորագրել նման փաստաթուղթ։ Ժողովրդի մանդատի վրա հղում անող Փաշինյանն այս անգամ մոռացել է ներկայանալ ժողովրդի անունից՝ գրելով, թե Հայաստանը կամ հայ ժողովուրդը պատրաստ է ստորագրել։ Դա լավ է, քանի որ հայ ժողովրդին ազատել է մեղքի տակ ընկնելուց, սերունդների անեծքից ու հնարավոր քրեական պատասխանատվությունից։ Իհարկե, ժողովրդին չեն կանգնեցնի դատարանի առաջ, բայց Նիկոլը, հայտնվելով մեղադրյալի աթոռին, կարող է չէ՞ ամբողջ մեղքը բարդել հայ ժողովրդի վրա՝ ասելով, թե իր ստորագրությամբ հավաքական հայության կամքն է իրացրել։
Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա Փաշինյանն անգամ արժանի չի համարում այդ ժողովրդին իրեն պարտադրված համաձայնագրի բովանդակությանը հասու դարձնել, ներկայացնել, թե ստորագրությունից հետո ի՞նչ նոր փորձություններ են սպասում մեր երկրին, պետությանը և դրանում ապրող քաղաքացիներին։ Ըստ ադրբեջանական և հայկական ԱԳՆ-ների՝ համաձայնագիրն ամբողջությամբ համաձայնեցված է կողմերի միջև և պատրաստ այդ փաստաթուղթը ստորագրելու համար ժամկետներ նշանակել ու վայրը, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել այդ գործընթացը։ Գոնե հիմա ժամանակը չէ՞ այն ամբողջությամբ հանրայնացնելու, էլ չեմ ասում հայ ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստելու, գոնե մարդկանց նախազգուշացնելու, նախապատրաստելու սպասվող աղետների մասին։ Թե այս տարիների ընթացքում ինչ է բանակցել Փաշինյանը Ալիևի հետ խաղաղության ձեռքսեղմման շուրջ, միայն կարելի է գլխի ընկնել Ադրբեջանից հնչած տարբեր պահանջների, հայտարարությունների շնորհիվ։ Անգամ փաստաթղթի ամբողջությամբ համաձայնեցված լինելու մասին մենք իմացանք ադրբեջանական կողմից, որից հետո միայն ՀՀ ԱԳՆ-ը շտապեց հաստատել այդ հայտարարությունը։
Այնինչ այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, համարյա թե երդվում էր, որ իրենք ազնիվ են եղել հանրության հետ և նրան տեղեկացրել են խաղաղության համաձայնագրի ողջ գործընթացի մասին․ «Բանակցային ամբողջ գործընթացը կիսվել ենք հանրության հետ»,- հայտնել է նա։ Եթե հաշվի առնենք, թե իրականում ով է մեզ տեղեկացրել այդ մանրամասների մասին և ընդհանրապես խաղաղության համաձայնագրի հնարավոր բովանդակության՝ Բաքվի պահանջների տեսքով, ապա կարելի է մտածել, որ Արմեն Գրիգորյանը խոսում է ադրբեջանական իշխանությունների մասին, և ինքն էլ ներկայանում է այդ իշխանությունների անունից, քանի որ ՀՀ իշխանություները ամեն կերպ քողարկել են այդ համաձայնագրի հետ կապված ցանկացած քննարկում, համաձայնություն գործընթաց։ Իսկ Արմեն Գրիգորյանը պնդում է, որ անգամ համաձայնագրի կետերի մասին է իշխանությունը հանրային քննարկումներ ունեցել։ Բայց եթե ժողովուրդն ավելի մանրամասն տեղեկության կարիք ունի, ապա ըստ ԱԽՔ-ի՝ դա դիվանագիտորեն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնագրի տակ չեն դրվել երկու պետությունների ղեկավարների ստորագրությունները․ «Եթե ուշադրությամբ հետևեք հանրային քննարկումներին խաղաղության համաձայնագրի վերաբերյալ, մանրամասն տեղեկատվություն հանրության հետ կիսել ենք։ Հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա համաձայնագիրն ավելի մանրամասն իմանալու համար, բայց քանի որ դեռևս օրվա և տեղի մասով համաձայնություն չունենք, երբ լինի, հրապարակային նաև տեքստը կներկայացնենք։ Դա ավելի շատ դիվանագիտական մոտեցում է հարցին»։
Այսինքն՝ մենք համաձայնագրի կետերի մասին կիմանանք միայն այն ժամանակ, երբ այլևս ոչինչ հնարավոր չի լինի շտկել, և այն պետք է ընդունենք որպես եղած փաստ։ Վստահ եմ, որ անգամ դա կիմանանք միայն ադրբեջանական կողմի գործողություններից, երբ այդ թղթով Ալիևը բռնությամբ և ուժով Հայաստանին կպարտադրի անել այն, ինչի մասին իր համաձայնությունը տվել է Նիկոլը։
Թագուհի Ասլանյան