Փաշինյանը կարող է Շվեյցարիային էլ մեղադրել, թե Ադրբեջանին «քսի է տալիս» մեզ վրա

Երեկ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով №24.4259 նախագիծը։ 46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը, որով Շվեյցարիայի իշխանություններին կոչ է արվում հիմնել առանձնացված հարթակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։

Դեռ նախորդ՝ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդն էր ընդունել բանաձև, որով կառավարությանը կոչ էր անում կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։ Եվ փաստորեն այսօր Շվեյցարիան չեզոք միջնորդի իր փորձված դերը ձգտում է ի սպաս դնել նաև Արցախի տեղահանված հայ ժողովրդի համար։

Ի՞նչ կարող է տալ այս նախագիծն իրենց բնօրրանից բռնի տեղահանված և փախստական դարձած արցախցիներին, արդյո՞ք նախագիծը այն հնարավորությունն է, որը ՀՀ իշխանությունները, որպես Արցախի ու արցախցիների անվտանգության երբեմնի երաշխավորներ, կարող են օգտագործել մեր հայրենակիցների Արցախ վերադարձի համար։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այս հարցում այսպիսի տեսակետ ունի՝ բանաձևի ընդունումը պարտավորություն է սահմանում Շվեյցարիայի Կառավարության համար։ Ըստ նրա՝ ցանկալի կլիներ, եթե այդ գործընթացում Հայաստանի Կառավարությունը, իշխանությունները ներգրավվածություն ունենային։ Այնինչ ՀՀ իշխանությունների տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱԳ նախարար, ԱԺ նախագահ, ընդհուպ մինչև կառավարության ղեկավարը, արդեն մեկ անգամ չէ, որ հայտնել են իրենց բացասական տեսակետը այս հարցի շուրջ, որ իրենց օրակարգում ընդհանրապես ներառված չէ արցախցիների վերադարձի հարցը։ Այդ պայմանն անգամ խաղաղության պայմանագրում ընդգրկված չէ, քանի որ ՀՀ իշխանությունները այդպիս հարց չեն էլ բարձրարել Բաքվի առաջ։

Արդյո՞ք Շվեյցարիան միակողմանի՝ առանց հայկական իշխանությունների համագործակցության, կկարողանա որևէ արդյունքի հասնել միջազգային հարթակներում՝ արցախցիների իրավունքների հարցը բարձրացնելով։ Գեղամ Ստեփանյան ասում է, որ բանաձևին պետք է հաջորդեն հստակ քայլեր Շվեյցարիայի կառավարության, Արտաքին գործերի նախարարության կողմից՝ խնդրահարույց հարցով համաժողով կազմակերպելու հարցում։ Դեռ շատ աշխատանք կա անելու։ Բայց Շվեյցարիայի գործառույթը հարթակ տրամադրելն է հայ-ադրբեջանական երկխոսության համար։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է այսօր Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը ալիևյան պահանջով հետևողականորեն հրաժարվում բոլոր տեսակի միջնորդներից՝ աքլորանալով, թե ինքն Ադրբեջանի հետ կարող է պայմանավորվել առանց երրորդ կողմերի։ Ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը դրված է խաղաղության պայմանագրի առանցքում։ Փաշինյանը սիրահոժար համաձայնել է այդ պայմանին՝ դրանով իսկ բոլոր նման միջնորդական առաքելություններին դուրս հրավիրելով հայ-ադրբեջանական դիվանագիտական շփումներից։ Հետևաբար առանց Հայաստանի մասնակցության Շվեյցարիայի նախաձեռնությունն անպտուղ է։ Դեռ մի բան էլ Փաշինյանը կարող է Շվեյցարիայի իշխանություններին մեղադրել Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիա սադրելու մեջ։

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առանձին հոդվածով անդրադառնալով Շվեյցարիայի այս քայլին՝ գրել է, որ փաստորեն երկխոսության այդ հարթակում Ադրբեջանի հետ սեղանի շուրջ կարող է նստել Արցախի Հանրապետության կառավարությունը։ «Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատներն էլ փաստորեն աջակցում են նախաձեռնությանը, Դաշնային Խորհուրդը օրենքի ուժով պարտավորություն ունի ապահովելու երկխոսության հարթակ՝ Ադրբեջանի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի միջև։ Սա պարզապես նոր դիվանագիտական ձևաչափ չէ։ Սա առաջին իրական, ինստիտուցիոնալ փորձն է՝ չեզոք պետության կողմից ձայն տալու ամբողջությամբ և դաժանորեն լռեցված ժողովրդին։ Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանումը 2023 թվականին ոչ միայն հումանիտար ողբերգություն էր. այն նաև աշխարհաքաղաքական և բարոյական փլուզում էր։ Շվեյցարիայի այս նախաձեռնությունը նպատակ ունի շրջել էթնիկ զտումների հետևանքները և պաշտպանել միջազգային իրավունքի հիմնաքարը՝ վերադարձի իրավունքը»։

Բայց Վարդան Օսկանյանն էլ լավ է գիտակցում, որ Արցախը միայնակ որպես սուբյեկտ չի կարող որևէ դիվանագիտական նախաձեռնության լիարժեք մասնակիցը լինել։ Ամեն դեպքում Արցախը կարող է ներկայանալ Հայաստանի միջոցով, այն Հայաստանի, որի ներկա իշխանությունները քաղաքական կամք չեն դրսևորում հայանպաստ որոշումներ կայացնելու գործերում։ Նա ևս նախաձեռնության հնարավոր հաջողության համար կարևորում է այս իշխանությունների հեռացումը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես նվազագույնի է հասցրել, հետաձգել կամ պարզապես անտեսել վերադարձի հարցը։ Նրա անտարբերությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ճակատագիրը Հայաստանի դիվանագիտական օրակարգի կենտրոնում դնելու հարցում, ստեղծել է վակուում, որը Բաքուն մեծ հաճույքով լցրել է միակողմանի գործողություններով և վերանայողական նարատիվներով։ Քանի դեռ Փաշինյանը պաշտոնում է, Հայաստանը չունի ո՛չ հեղինակություն, ո՛չ կամք՝ օգտվելու Շվեյցարիայի և այլ միջազգային դերակատարների կողմից բացվող հնարավորություններից։

Ադրբեջանը Հայաստանին դեմ է տալիս ադրբեջանցի այսպես կոչված փախստականներին Հայաստանում իրենց բնակավայրեր վերադարձնելու հարցը, և այդ պահանջը հնչեցնում է նաև միջազգային հարթակներից։ Քպ իշխանավորները լռելյայն համաձայնությամբ ընդունում են այդ պահանջը։ Բայց արցախցի տեղահանվածների հարցը, որ շատ ավելի արդիական է ու շուտափույթ լուծում է պահանջում, դիտավորությամբ լռության են մատնում։ Հակադարձ պահանջ չկա։ Ալիևը անգամ դրա համար պարար հող է ստեղծել՝ «խաղաղ վերաինտեգրման» մասին դատարկ խոստումներով։  Բայց Փաշինյանը, որը սարսռում է Ալիևի փռշտոցից, բնականաբար չի կարող օգտվել այդպիսի հնարավորությունից։ Վարդան Օսկանյանն անգամ միջազգային իրավական փաստաթղթերն է մեջբերում, որոնք կարող են «շվեյցարական ջանքերին իրական ներուժ տալ»։

«Այս որոշումը համընկնում է մի քանի միջազգային իրավական փաստաթղթերի հետ՝ ներառյալ Միջազգային Արդարադատության դատարանի ժամանակավոր միջոցները 2023թ․ նոյեմբերին և Եվրոպական խորհրդարանի երկու բանաձևերը 2024 թվականին, որոնք կոչ են անում ապահովել հայերի անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձը։ Սա հազվադեպ համընկնում է իրավական, բարոյական և դիվանագիտական մոմենտումի»,- գրում է նախկին արտգործնախարարը՝ նորից հիշեցնելով, որ Հայաստանում քաղաքական կամքի բացակայության պայմաններում այսպիսի նախաձեռնությունները զուտ պատմական անդրադարձ կմնան և կհիշվեն որպես Նիկոլի հերթական դավաճանություն։

Թագուհի Ասլանյան