Երևան-Սևան ավտոճանապարհի իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
ՀՀ ավտոճանապարհներին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության, «Կոտայքի Ճանապարհների Շահագործման և Շինարարական» ՍՊԸ աշխատակիցների և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5 կմ հատվածի աջ և ձախ կողմերում առկա է քարաթափման վտանգ։ Ուստի, անհրաժեշտությունից ելնելով՝ մարտի 18-ին, ժամը 10:00-ից մինչև 15:20-ը, նշված ճանապարհահատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Քարաթափման աշխատանքներին ներգրավվել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Աբովյանի, Չարենցավանի, Եղվարդի և «Հրազդան» ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը՝ ընդհանուր 26 փրկարարական ծառայող։ Աշխատանքները կազմակերպվել և իրականացվել են «Կոտայքի Ճանապարհների Շահագործման և Շինարարական» ՍՊԸ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների փոխհամագործակցությամբ։ Աշխատանքները կրում են շարունակական բնույթ և, անհրաժեշտության դեպքում, կիրականացվեն հանրապետության այլ տարածքներում ևս։
ՆԳՆ փրկարար ծառայություն