Հայաստան այցելած CNNTurk–ի խմբագիրը Երևանը որպես թուրքական է ներկայացրել
Օրեր առաջ հայկական կողմի հրավերով Երևան այցելած եւ Հայաստանի վարչապետի հետ հանդիպած CNNTurk–ի լրատվական բաժնի խմբագիր Իդրիս Արըքանը «Շրջափակման մեջ գտնվող երկիր-Հայաստանում ինչեր են խոսում» ռեպորտաժում Հայաստանը խիստ բացասական գծով է ներկայացնում և լրագրողին ոչ վայել բացահայտ ապատեղեկատվություն տարածում։ Այս մասին գրում է News.am-ը։
CNNTurk-ի խմբագրի 26 րոպե տևող ռեպորտաժում Հայաստանը սև գույներով է ներկայացվում։ Ռեպորտաժից տպավորություն է, որ Հայաստանը տնտեսական խիստ ծանր կացության մեջ, զարգացման հեռանկարից հեռու է և միակ փրկությունը Թուրքիայի սահմանի բացումն է։ «Իսկ ամենազավեշտալին այն է, որ Իդրիս Արըքանը ռեպորտաժում Երևանի իրանական մզկիթի ֆոնին ասում է, որ Երևանը թուրքական կայսրության քաղաքներից է, և որպես ապացույց ներկայացնում իրանական մզկիթը որպես թուրքական։ Այսինքն, հայտնի թուրք լրագրողը ոչ միայն խայտառակ ապատեղակատվություն է տարածում, որ իբր Երևանը թուրքական քաղաք է եղել, ավելին նաև իրանական մզկիթը որակում թուրքական»,-նշում է աղբյուրը։
CNNTurk–ի այս ռեպորտաժն ու թուրք լրագրողներին Երևան հրավիրած Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը խիստ քննադատությունների են ենթարկվել։ Կենտրոնի ղեկավար Գոռ Ծառուկյանը նշել է, որ CNN Turk-ը յութուբյան իր ալիքից հեռացրել է տվյալ անբարենպաստ նյութը։
«Ռեպորտաժի նախապատմությունը հետևյալն է։ Տվյալ լրատվամիջոցի լրագրողի կողմից մեդիատուրից հետո պատրաստված առաջին ռեպորտաժը եղել է ամբողջությամբ Հայաստանի տեսակետը ներկայացնող: Սրա հրապարակումից հետո մեզ տեղեկություն է հասել, որ խմբագրության վրա ադրբեջանական կողմից մեծ ճնշում է գործադրվել և խմբագրությունը որոշել է ևս մեկ ռեպորտաժ պատրաստել առավել պրոադրբեջանական բովանդակությամբ՝ նախորդ ռեպորտաժին «հավասարակշռելու» համար։ Նրանք, ովքեր երբևէ փորձ են ունեցել աշխատել թուրքական մեդիայի հետ, գիտեն այս ռիսկերի մասին։ Վերջնարդյունքում մեզ հաջողվել է այդ կարևոր ռեսուրսում մեր շահերը ներկայացնող ռեպորտաժ ունենալ, իսկ հակառակը միշտ էլ եղել է»,-նշել է Ծառուկյանը։

