Թուրքիայի հետ փոխհարաբերությունները շարունակվում են բնականոն հունով. Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ հարցին։ Նա մասնավորապես նշել է.
«Իրանի և Թուրքիայի փոխհարաբերությունները շարունակվում են բնականոն հունով։ Երկու երկրներն էլ գիտեն հարաբերությունների պահպանման ու ընդլայնման կարևորությունը։ Տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Սիրիայի հետ կապված տարաձայնությունները վերահսկվում են երկխոսության միջոցով, և կողմերից որևէ մեկը ցանկություն չունի հարևան ու մուսուլման երկրի հետ լավ հարաբերությունները այլ հարցերի և ոչ տեղին վերլուծությունների ազդեցության տակ դնել»։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Բաղաեին նաև հավելել է, որ այդ իսկ պատճառով երկկողմ հարաբերությունները պահպանելու և որոշ տարաձայնություններն ու տեսակետների տարբերությունները կառավարելու ուղղությամբ երկու երկրների փոխայցերն ու փոխառնչությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Իրանը օգնում է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG):
«Իրանի նախկինում վարած քաղաքականության շարունակականությունը ճիշտ ճանապարհ չի լինի: Իրանը նոր ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերից մեծ դասեր է քաղել: Այլևս հին սխալները շարունակելու ժամանակը չէ»,- հայտարարել էր նա:
Վերոնշյալ հայտարարությունից հետո Իրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչըն կանչվել է Իրանի ԱԳՆ, որից հետո էլ Անկարայում Իրանի դեսպանատան գործերով ժամանակավոր հավատարմարտարն է կանչվել Թուրքիայի ԱԳՆ։

