Խաղաղության պայմանագիրն արդեն Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի փաստաթուղթն է, որը շուտով Նիկոլը կստորագրի

Հայության գիտակից մասի բոլոր վատ կանխատեսումները իրականանում են։ Եթե դրանք մինչև 44-օրյա պատերազմը Արցախի վերաբերյալ էին, հիմա՝ Հայաստանի Հանրապետության և հավաքական հայ ժողովրդի։ Մինչև մեր վերլուծաբան-փորձագետները հայտարարում էին, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը երբեք կյանքի չի կոչվի, քանի որ Ադրբեջանը առաջին հերթին այն չի ստորագրի՝ աշխատելով հնարավորինս շատ պայմաններ պարտադրել Հայաստանի ապիկար իշխանություններին, երեկ նախ Ադրբեջանի ԱԳՆ-ը, իսկ ավելի ուշ արդեն մեր ԱԳՆ-ը հայտարարեցին, որ այդ չարաբաստիկ պայմանագրի բոլոր կետերի շուրջ համաձայնությունը ձեռք է բերված, անգամ այն երկու կետերի, որոնց մասին մինչև վերջերս Փաշինյանն ասում էր, թե քննարկումներ են ընթանում։ Այսօրվա դրությամբ հայ ժողովուրդը, ում անունից Փաշինյանը միանձնյա բանակցություններ էր վարում, տեղյակ չէ այդ համաձայնագրի բովանդակությանը, և թե ինչ ծուղակներ է պատրաստել մեզ համար իրեն ժողվարչապետ հռչակածը։ Միայն հայտնի է, որ վիճարկելի կետերից մեկը վերաբերում է միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի նկատմամբ ունեցած բոլոր դատական հայցերը հետ կանչելուն։ Անգամ չգիտենք՝ այդ պահանջի կատարումը միայն հայկակա՞ն կողմին է դեմ տրվել, թե Ադրբեջանը ևս նման պարտավորություն է ստանձնել, ինչում խիստ կասկածում ենք։ Եվ ընդհարապես կասկած չկա, որ խաղաղության պայմանագրում միայն միակողմանի զիջումներ են ամրագրված, որոնցով Հայաստանը միայն կորցնելու է ու խոշոր չափերով, իսկ Ադրբեջանը միայն շահելու է՝ առանց որևէ փոխզիջման։ Դա դեռ տարիներ առաջ էր պարզ։ Բախտի բերմամբ արտգործնախարարի աթոռին հայտնված անձը այսօր նորից հաստատեց, որ խաղաղության ձեռքբերման շրջանակներում հայ ռազմագերիների ու պատանդների մասին որևէ քննարկում չի եղել ու պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այսքանը բավական է հասկանալու համար, որ այդ թղթի կտորով Հայաստանի Հանրապետությունն է հիմա էլ կապիտուլյացիայի ենթարկվելու։

Իսկ Փաշինյանի միակ պահանջը Ալիևից կարող է լինել ընտրություններից առաջ պատերազմը չվերսկսելը, որպեսզի նա իր ավազակաորջով կարողանա վերարտադրվել՝ փրկելով իր կաշին։ Երեկ Փաշինյանը նաև հայտարարեց, որ խաղաղության պայմանագրում չամրագրված ՀՀ Սահմանադրության փոփոխության, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջ բարձրացնելու ու Սյունիքում Ադրբեջանին մինչև Նախիջևան ճանապարհ տրամադրելու պարտավորություն է ստանձնել։ Թե Ադրբեջանին կոմունիկացիաներով տեղաշարժվելու ինչպիսի իրավունք է տալու Փաշինյանը, դեռ չի ասել, բայց հստակ իմանալով այս կապիտուլյանտների գործելաոճը՝ կասկած չկա, որ նրանց տեղաշարժը այն ռեժիմով չի ապահովվելու, ինչ հայ-իրանական կամ հայ-վրացական սահմանին։ Ամենայն հավանականությամբ արդեն իսկ Փաշինյանը համաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» տարբերակին, և այդ մասին ևս շուտով կիմանանք Ադրբեջանի պաշտոնյաներից։

Արդեն պարզ է, որ խաղաղության պայմանագրով վերջնական չեն ամրագրվել Ադրբեջանի պահանջները, և եթե անգամ այդ թղթի կտորը ստորագրվի, միևնույն է, Ադրբեջանը մեզ պարբերաբար նորանոր զիջումներ է պարտադրելու՝ ընդհուպ մինչև Արևմտյան Ադրբեջանի հիմնումը, Արցախի պատերազմների հերոսների արտահանձնումը Բաքվին՝ երկրի նախկին առաջին դեմքերի գլխավորությամբ, ՀՀ-ի ապառազմականացումը, բանակի լուծարումը։ Այսօր ավելի քան երբևէ ադրբեջանական այդ երազանքի իրագործումը մոտ է։ Սրանք հոռետտեսական կանխատեսումներ չեն, այլ դեպքերի և իրադարձությունների զարգացման հնարավոր սցենար։ Եվ ինչու միայն ադրբեջանական։ Մեծ հաշվով Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան է ամենաշահավետ պայմաններում հայտնվելու։ Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է պատրաստվում է վերանայել հայոց պահանջատիրության հարցը։ Թուրքիան վերջապես Նիկոլի թեթև ձեռքով կազատվի «ցեղասպան պետություն» խարանից։ Նաև իր գերիշխանությունը կհաստատի՝ դառնալով թելադրող ու պարտադրող մեր տարածաշրջանի պետություններին։ Իրանը այդ վտանգը շատ լավ է տեսնում, և բազմիցս իր հայտարարություններով զգուշացրել է երրորդ խաղացողներին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում չի հանդուրժի Իրանի համար թշնամի պետությունների ներկայությունը։ Զարմանալի է Վրաստանի արձագանքը, որն այսօր ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի նոր փուլի անցնելը և հույս հայտնել, որ այդպիսով տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն կհաստատվի։ Մինչդեռ այդ նույն Վրաստանը արտասահմանյան երկրների դեսպաններին նախազգուշացրել է չխառնվել երկրի ներքին գործերին ու չմիջամտել ներքաղաքական ու արտաքին քաղաքական որևէ հարցի։ Ամենայն հավանականությամբ մոտ ապագայում դրանով կզբաղվի Թուրքիան՝ իր շահերին զոհաբերելով թե Հայաստանին, թե Վրաստանին և անգամ Ադրբեջանին։

Մեր ճակատագիրը այսօր Նիկոլի և իր ավազակախմբի ձեռքին է, իսկ մենք կողքից ունկնդրողի ու ընդամենը մեկնաբանություններ գրողի դերում ենք։

Թագուհի Ասլանյան