Արարատի բարձունքում թաղված սիրտը

1984 թվականի մարտի 14-ին մահացավ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը (Օնիկ Թադևոսի Կարապետյան)։

Ալվարդ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շիրազի մահվան լուրը տարածվեց Հայաստանում, սփյուռքում և աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ կար գեթ մեկ հայ։

Շիրազն այդ տարիների խորհրդանիշն էր, քայլող գաղափարն ու մարդկանց համախմբող ուժը։

Եվ այդ ուժի ֆիզիկական գոյության բացակայությունը մեծ վիշտ պետք է պարգևեր բոլոր հայերին։ Շիրազի մահվան օրն այդ տարիների ՀԿԿ Կենտկոմի և ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի քարտուղար, լրագրող, գրականագետ Կարլեն Դալլաքյանն այսպես է հիշում․

«Մոսկվայում, Կենտկոմի շենքում համամիութենական մեծ ժողով էր։

Նստած էի վերջին շարքերից մեկում։

Հենց իմ հետևում դուռը բացվեց և մեկը ոտքի մատների վրա, անշշուկ մոտեցավ, ականջիս ասաց, թե Կարեն Դեմիրճյանը ձեզ շտապ կանչում է, հյուրանոցում է։

Դուրս եկա, զանգեցի․ «այո՜, ասաց ամեն ինչ թող, արի անմիջապես»։ Գնացի «Օկտյաբրսկի» հյուրանոցը, որտեղ սովորաբար իջևանում էր։

– Հիմա մեքենա կգա, կգնաս, իրերդ կհավաքես ու անմիջապես օդանավակայան կմեկնես։ Այնտեղ քեզ արդեն սպասում են Երևանի տոմսակը հանձնելու համար։ Առաջին իսկ թռիչքով կգնաս,- ասաց վրա-վրա, սառած ձայնով։

– Բայց ի՞նչ է պատահել։

– Շիրազն է մեռել»։ (Կարլեն Դալլաքյան «Հուշապատում», Երևան, 1998, էջ 251)։

Դալլաքյան-Դեմիրճյան զրույցը շարունակվում է այլ հարցի շուրջ ևս։

Կարեն Դեմիրճյանը տեղյակ էր, որ Շիրազին որոշել են թաղել ոչ թե Կոմիտասի անվան պանթեոնում, այլ «Թոխմախգյոլի» գերեզմանատանը։

«Մի պահ լուռ միջոց։ Հետո պատմեց, թե ե՞րբ և ինչպես են հայտնել, ու հանկարծ հարց տվեց։

– Քո կարծիքով որտե՞ղ պետք է թաղել Շիրազին։

– Կոմիտասի այգու պանթեոնում։ Երկրորդ կարծիք լինել չի կարող,- անվարան պատասխանեցի։

– Իսկ գիտե՞ս, որ մերոնք այնտեղ որոշել էին «թոխմախգոլի» գերեզմանատուն տանել։

– Անհնարին է։ Իսկ դուք ի՞նչ ասացիք։

– Ի՞նչ պետք է ասեի։ Անմիջապես ստիպեցի, որպեսզի նոր որոշում ընդունեն՝ Կոմիտասի այգու պանթեոնում թաղելու մասին։

Դու կգնաս ամեն ինչ կնախապատրաստես։ Դու էլ պետք է խոսես։ Իսկ ես վաղը երեկոյան կհասնեմ»։ (Նույն տեղում, էջ 252)։

Փաստացի ստացվում է, որ, եթե հարցին չմիջամտեր Կարեն Դեմիրճյանը, ապա Շիրազը կհուղարկավորվեր Կոմիտասի անվան պանթեոնից դուրս։

Եվ, ինչպես Արամ Խաչատրյանի դեպքում, ապա նաև Շիրազի պարագայում Դեմիրճյանը կարողացավ հարցին ճշգրիտ լուծում տալ։

Այդ տարիներին Շիրազն այնքան էլ ցանկալի կերպար չէր սովետական իշխանությունների համար, քանի որ նա կարողանում էր մեկ խոսքով մարդկանց համախմբել իր շուրջը․ ավելորդ է խոսել նաև այդ տարիներին արգելված թեմաների շուրջ գրված իր ստեղծագործությունների մասին։

Շիրազին հուղարկավորեցին Կոմիտասի անվան պանթեոնում՝ հայ մեծերի կողքին․

«Շիրազի թաղումը կազմակերպվեց վայելուչ։ Հեռուստատեսությունը անմիջապես հեռարձակում էր ամբողջ արարողությունը։ Ինչպես և որոշել էինք Դեմիրճյանի հետ, դամբանական խոսողներից մեկը ես էի։ Ստացվեց հաջող»։ (Նույն տեղում, էջ 256)։

Շիրազին հուղարկավորեցին, սակայն առանց տապանաքարի, քանի որ դա իր ցանկությունն էր, որ տապանաքար չունենա։ Մի անգամ որդու հետ զրուցելիս նա ասել էր․

«Գիդես, չէ՞, որ մեռա՝ վրես քար չես գցե:

100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պիտի էղնի: Է, մերն օր էղավ, ժողովուրդը պիտի բղավե, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի»։

Աղբյուրը՝ Զ․ Շուշեցի

Հ .Գ. Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ»: