Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով
Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը
Ջիդդայում (Սաուդյան Արաբիա) մարտի 11- ին, ինչպես արդեն հայտնի է, ավարտվել են ԱՄՆ- ի և Ուկրաինայի բանակցությունները։ Ամփոփիչ հայտարարության մեջ նշված է, որ Ուկրաինան պատրաստ է անհապաղ 30- օրյա հրադադարի ռեժիմ սահմանել, իսկ Վաշինգտոնը վերսկսում է Կիևին սպառազինությունների և հետախուզական տվյալների տրամադրումը: Քանի որ որևէ խոսք չկա նշված հրադադարի պահպանման իրավական երաշխիքների մասին, այն ռուսական կողմի հետ պայմանավորվածության դեպքում դրանից 30 օր հետո կամ ցանկացած պահի կարող է խախտվել:
Աշխարհը համակ ուշադրությամբ սպասում էր՝ Մոսկվան կմերժի՞ Ջիդդայում ձևավորված առաջարկը, թե կընդունի այն: Մոսկվայում ավելի վաղ բազմիցս ասել էին, որ չեն գնա հակամարտության սառեցմանը։
«Մեզ զինադադար պետք չէ, մեզ խաղաղություն է պետք՝ երկարաժամկետ, ամուր, Ռուսաստանի Դաշնության և նրա քաղաքացիների համար երաշխիքներով ապահովված »,- դեռ դեկտեմբերյան մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բացի նշվածից, բազմաթիվ այլ պատճառներ կան, որ ՌԴ- ն մերժի առաջարկվող հրադադարը կամ հակամարտության ժամանակավոր սառեցումը: Դրանցից մեկը, այժմ առաջարկվող հրադադարին համաձայնելուց հետո, հետագայում իրավական երաշխիքներով ապահովված կայուն, մշտական հրադադարից կամ խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Կիևի ներկայացրած՝ ՌԴ- ի համար անընդունելի և խաղաղության պայմանագրի ստորագրումը բացառող պահանջներն են:
Ուկրաինական կողմի պահանջներից մեկը խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն են, որը պատկերացնում է եթե ոչ ՆԱՏՕ- ի կազմում ընդգրկվելով կամ միջուկային զենք ունենալով, ապա առնվազն Ուկրաինայում եվրոպական և ամերիկյան զորքերի տեղակայմամբ: Քանի որ Թրամփը մերժել է ամերիկյան զորքերի տեղակայումը, մնում է Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը:
«Ուկրաինայի և նրա գործընկերների միջև վերջին բանակցությունները մեծ հույս են առաջացրել, որ ուկրաինացի ժողովուրդը շատ շուտով կվերադառնա խաղաղ կյանքին, որը նա վայելում էր մինչև 2014 թվականի պատերազմը կամ 2022 թվականից ի վեր ծայրահեղ սրացումը»,- բանակցությունների օրը «The Guardian»- ում հրապարակված սյունակում կեղծավորաբար ու խորամանկորեն գրել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
Կեղծավորաբար, որովհետև Երմակը չի կարող չգիտակցել, որ Կիևի պահանջներից թեկուզ միայն վերոնշյալը՝ Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը, արդեն իսկ լիովին բավարար է, որ ՌԴ- ն մերժի ժամանակավոր հրադադարի, ըստ էության, զինադադարի շուրջ ցանկացած պայմանավորվածություն՝ առավել ևս, որ դա Կիևի միակ պահանջը չէ:
Նշելով, որ, այնուամենայնիվ, հրադադարի հնարավոր չէ հասնել «միայն դիվանագիտական ժեստերով», Զելենսկու գրասենյակի ղեկավարը նույն հրապարակման մեջ նախանշել է նաև Կիևի երեք պահանջները՝ նախ և առաջ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, հետո՝ լիակատար հրադադար, «Երկրորդ՝ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ուժեղացում։ Եվ, վերջապես, Եվրոպան պետք է օգտագործի ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային աջակցելու համար»:
ԱՄՆ- ն իր դիրքորոշումը հանդիպումից անմիջապես առաջ չի հրապարակել.Վաշինգտոնում միայն նշել են, որ զիջումներ կպահանջվեն և՛ Կիևից, և՛ Մոսկվայից: Ռուբիոն Ջիդդայի ճանապարհին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ- ն այս փուլում «ավելի շատ լսումների ռեժիմում է, քան խոսելու ռեժիմում»: Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակության գլխավոր խնդիրն է պարզել, թե որքանով է ուկրաինական դիրքորոշումը հեռու ռուսականից, և հեռանալ բանակցությունների սեղանից՝ հասկանալով, որ Կիևը պատրաստ է «դժվար» զիջումների, առաջին հերթին՝ տարածքային զիջումների:
Վաշինգտոնը պնդում է,որ Ռուսաստանն ու Ուկրաինան սկսեն պայմանավորվել որքան հնարավոր է շուտ:
«Ռուսաստան և Ուկրաինա, նստեք բանակցությունների սեղանի շուրջ հենց հիմա, քանի դեռ շատ ուշ չէ։ Շնորհակալություն… »,- գրել է Թրամփը մարտի 7-ին «Truth Social»- ում՝ ընդգծելով, որ ինքը «խստորեն» դիտարկում է Ռուսաստանի դեմ լայնածավալ բանկային պատժամիջոցներն ու այլ միջոցները, քանի դեռ չի ձեռք բերվել հրադադար և խաղաղության վերջնական համաձայնություն:
Մարտի 11-ի երեկոյան Անդրեյ Երմակը telegram- ալիքում մեջբերել է Ուկրաինայի և ԱՄՆ- ի համատեղ հայտարարությունը Ջիդդայում բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Դրանում ասվում է, որ Ուկրաինան համաձայն է անհապաղ սահմանել 30- օրյա հրադադարի ռեժիմ, «որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունման և միաժամանակ կատարման դեպքում»: Նշված է նաև, որ ԱՄՆ- ը ՌԴ- ին կտեղեկացնի, որ իր կողմից փոխադարձությունը «խաղաղության հասնելու բանալին է»։ Ուկրաինան ընդգծել է, որ խաղաղ գործընթացում պետք է ներգրավվեն եվրոպական երկրները։
«Բանակցելուց առաջ պետք է դադարեցնել միմյանց վրա կրակելը: Դա է ուզում մեր նախագահը, և մենք այսօր ուկրաինական կողմից համապատասխան պարտավորություն ենք ստացել, նրանք պատրաստակամություն են հայտնել դա անել»,- ավելի ուշ լրագրողներին հայտարարել է բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցող ԱՄՆ- ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու հավելել, որ ԱՄՆ- ը նույն առաջարկը կփոխանցի Ռուսաստանին «բազմաթիվ կապուղիներով» և ակնկալում է դրական պատասխան։
«Բարի կամքի լավագույն ժեստը, որը կարող են անել ռուսները, «այո» ասելն է ուկրաինացիների առաջարկին՝ դադարեցնել կրակոցները, դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եթե նրանք դա անեն, դա կլինի բարի կամքի լավագույն նշանը, որը մենք կարող ենք տեսնել»,- ասել է Ռուբիոն:
ԱՄՆ- ի պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ ռուսական կողմի համաձայնության դեպքում հրադադարի մասին համաձայնագիրը կարող է կնքվել «մի քանի օրվա ընթացքում»:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն «այսօր կամ վաղը» նոր հանդիպումներ կանցկացնեն, մարտի 11- ի երեկոյան հայտարարել է Թրամփը: Նա մտադիր է այս շաբաթ բանակցել Պուտինի հետ։ ԱՄՆ- ի նախագահը հույս է հայտնել, որ «առաջիկա օրերին» լիակատար հրադադար կլինի։
Ռուսաստանի ԱԳՆ- ն ավելի վաղ հայտարարել էր, որ «Իրականության հետ կապը կորցրած Զելենսկու վարչակարգը ցույց տվեց խաղաղության և հակամարտությունը դիվանագիտական մեթոդներով կարգավորելու քաղաքական կամքի իսպառ բացակայությունը»։
Ռուսական կողմի արձագանքը
Ուկրաինայում առաջարկված ժամանակավոր զինադադարը հանգստություն է ուկրաինացի զինվորականների համար. այս մասին, գնահատելով ժամանակավոր զինադադարի առաջարկը, РБК- ի փոխանցմամբ, ВГТРК- ի հաղորդավար Օլգա Սկաբեևային հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը հայտնել է, որ ռուսական վերոնշյալ դիրքորոշումը հնչեցրել է ԱՄՆ- ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ հեռախոսազրույցում, որն իրեն պատմել է Ջիդդայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների արդյունքների մասին: Ուշակովը նշել է, որ Ռուսաստանը ձգտում է հակամարտության երկարաժամկետ կարգավորման՝ հաշվի առնելով Մոսկվայի շահերը։
«Ինչ- որ քայլեր, որոնք ընդօրինակում են խաղաղ գործողությունները, ինձ թվում է, որ այս իրավիճակում ոչ մեկին պետք չեն»,- ընդգծել է նախագահի օգնականը:
Ուշակովը հնարավոր է համարել, որ նախագահ Վլադիմիր Պուտինը «ավելի որոշակի և բովանդակալից գնահատականներ» կհայտնի առաջիկա մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով «Reuters»- ի տվյալները մեկնաբանելու խնդրանքին, որ Ռուսաստանը ԱՄՆ- ին է փոխանցել զինադադարի գործարքի իր պայմանները, Ուշակովը հիշեցրել է, որ կողմերը «տարբեր մակարդակներում» շփումներ են պահպանել:
«Հուսով եմ, որ նրանք գիտեն մեր դիրքորոշումը, և ուզում եմ հավատալ, որ այդ դիրքորոշումը հաշվի կառնվի հետագա աշխատանքի ընթացքում»,- ասել է նա:
Ռուսաստանն առայժմ ԱՄՆ- ից մանրամասներ է սպասում առաջարկների մասին, որոնք ընդունվել են Սաուդյան Արաբիայում Ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների բանակցություններից հետո. այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պուտինը նախկինում ասել է, որ կարգավորման նպատակը պետք է լինի «ոչ թե կարճատև զինադադարը, ոչ թե ուժերի վերախմբավորման և վերազինման համար ինչ-որ դադարեցում»՝ հակամարտության հետագա շարունակմամբ, այլ «երկարաժամկետ խաղաղությունը»։
Իսկ ինչպես վարվեց Պուտինը
Լինելով խորագետ և առավել իրազեկված, քան մեզանից որևէ մեկը, հասկանալով, որ Կիևը և նրա հետևում կանգնած եվրոպական ողջ ոհմակը սպասում են Կրեմլի կողմից Ջիդդայում ձևավորված առաջարկի մերժմանը, որպեսզի հակամարտության չդադարեցման մեղքը բարդեն Ռուսաստանի վրա, նրան ներկայացնեն նորանոր մարդկային կյանքերի զոհաբերման ձգտող արյունարբու, հենց ՌԴ-ի վրա բևեռեն Թրամփի զայրույթն ու Վաշինգտոնի նոր պատժամիջոցները, Պուտինն այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, «Газета.Ру»– ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, սակայն ելնում է նրանից, որ այդ դադարեցումը պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի ճգնաժամի բուն պատճառները:
Պուտինը համոզված է, որ Ուկրաինան պետք է ամերիկացիներից համառորեն հրադադար խնդրի՝ ելնելով երկրի վրա տիրող իրավիճակից։ Ռուսաստանը կողմ է հրադադարին, բայց կան նրբերանգներ, նշել է նախագահը: Նա հավելել է, որ Ռուսաստանի զինված ուժերը գրոհում են գրեթե ամենուր, և անհասկանալի է, թե հրադադարի դեպքում ինչպես է լուծվելու իրավիճակը շփման գծում: Այս հարցերը պահանջում են մանրակրկիտ հետազոտություն:
«Երեսուն օրն ինչպե՞ս են օգտագործվելու, որպեսզի Ուկրաինայում շարունակվի հարկադիր զորահավա՞քը»,- հարցրել ՌԴ նախագահը։
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան