Բաքվում կայացել է Արցախի առաջնորդների և մյուս գերիների հերթական «դատը»
Բաքվում այսօր հերթական «դատական նիստն» է կայացել Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և այլ գերեվարված հայերի դեմ:
Այնտեղ «հարցաքննվել» են նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն ու Մելիքսեթ Փաշայանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են Նրանց «ցուցմունքները», որոնք վերաբերում են Ղարաբաղյան շարժման ակունքներին, Պաշտպանության բանակի կազմում առանձին ստորաբաժանումների ստեղծմանն ու գործունեությանը, մասնավորապես Շուշիի առանձին գումարտակին և Մարտակերտի Սրխավենդ գյուղում տեղակայված «Դաշնակներ» համահավաք մոտոհրաձգային գումարտակին:
Լևոն Մնացականյանը հայտնել է, որ 1988-ին չի մասնակցել Ղարաբաղում տեղի ունեցած հանրահավաքներին, քանի որ այդ ժամանակ ուսանող է եղել Երևանում, իսկ Մելիքսեթ Փաշայանը հայտնել է, որ մասնակցել է դրանց և 1993-ին ծառայել է Ասկերանի գնդում: Մադաթ Բաբայանը հայտնել է, որ ջոկատի կազմում կռվել է Մարտակերտում:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանը ֆինանսավորել է Արցախը՝ անտոկոս և անժամկետ բյուջետային վարկ հատկացնելով: Նա իբր ասել է նաև, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո 9 տարի եղել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան։
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա վաղը՝ մարտի 14-ին: