Լաթաքիայի էլեկտրաէներգիայի մատակարարումը չի վերսկսվել. հայկական դպրոցը կբացվի երկուշաբթի. Կարապետյան

Լաթաքիայում իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, տեղի հայազգի բնակիչներն սկսել են արդեն տանից դուրս գալ, այսօր սկսել են աշխատել նաև խանութները։ «Փաստինֆո»-ին պատմեց Սիրիայում հրապարակվող հայկական «Գանձասար» պարբերականի թղթակից Նաիրի Կարապետյանը։

Նրա փոխանցմամբ՝ ջրամատակարարումը երեկ երեկոյան վերականգնվել է, բայց արդեն 4 օր է, ինչ քաղաքում ընդհատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, փորձ է արվում հոսանք մատակարարել այլընտրանքային միջոցներով՝ արևային կայաններով ու մարտկոցներով։

Թեև, ի սկզբանե, հայտարարվել էր, որ այսօր հայկական դպրոցները հնարավոր է վերսկսեն աշխատանքները, բայց Լաթաքիայից մեր գործընկերը հայտնեց, որ երկրի կրթության նախարարությունից հրահանգվել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, բոլոր դպրոցները փակ մնան մինչև հինգշաբթի, իսկ ուրբածն էլ Սիրիայում հանգստյան օր է։ Ն. Կարապետյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ հայկական դպրոցն իր աշխատանքները կվերսկսի երկուշաբթի՝ մարտի 17-ին։

«Սիրիայի հայ համայնքում վերջին երեք օրերին զոհեր չեն եղել, բախումների առաջին օրը զոհվել են երկու հայ՝ Լաթաքիայի մուտքի մոտ՝ կրակոցներից, դրանից հետո նոր զոհերի մասին լուր չունենք», – հավաստիացրեց Կարապետյանը։