Սիրիայի ալավիներն Իսրայելին խնդրել են փրկել իրենց հետապնդումներից

Սիրիայում ալավիների համայնքի առաջնորդները նամակ են ուղարկել իսրայելցի պաշտոնյաներին, այդ թվում վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ խնդրելով հրեական պետությանը «փրկել» էթնիկ փոքրամասնությանը սիրիական նոր իշխանությունների հետապնդումներից, երկուշաբթի հաղորդել է իսրայելական I24 հեռուստաալիքը։

Անցած շաբաթ դաժան բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի եւ նոր կառավարության դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջեւ Դամասկոսում, Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներում։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթաքիայի եւ Տարտուսի զինված ուժերին կոչ է արել վայր դնել զենքերը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծովափնյա Սիրիա տանող ճանապարհների փակման մասին։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն (SOHR) ոչ կառավարական կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ վերջին օրերին Սիրիայի ափամերձ շրջաններում սպանվել է ալավիների համայնքի 830 խաղաղ բնակիչ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս օրերին ծովափնյա գավառներում նոր իշխանություններին հակադրվող զինված խմբավորումների հետ բախումների ժամանակ զոհվել է անվտանգության 231 աշխատակից։