Մինչև փորձում են պարզել, թե ով բերեց Նիկոլին, հնարավոր է՝ նա պատրաստվում է Բաքվին հանձնել երկրորդ և երրորդ նախագահներին
Բաքվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական վերնախավի դեմ ընթացող շինծու դատավարության նպատակներն ավելի ու ավելի են հստականում ադրբեջանցի պաշտոնյաների հնչեցրած հայտարարությունների ֆոնին։ Եվ ոչ միայն։
Կեղծ և ամոթալի «դատավարության» ժամանակ մեղադրանք է ներկայացվել նաև Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահներին, նաև՝ բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների, քաղաքական գործիչների, ազգային ազատագրական պայքարին մասնակցած և ճանաչում ունեցող հայորդիների:
Օրեր առաջ էլ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էր թարմ գրառում արել ու նշել՝ ՀՀ-ն պետք է ցույց տա իր խաղաղ մտադրությունները՝ հանձնելով «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին», ովքեր «թաքնվում» են Հայաստանի Հանրապետությունում։ «Ադրբեջանում ընթացքող «դատավարությունը» լուրջ անհանգստություն է առաջացնում Հայաստանի քաղաքական ղեկավարության համար՝ մղելով նրանց դատավարության դեմ նոր քարոզչական արշավ սկսելու՝ միջամտելով Ադրբեջանի ներքին գործերին։ Դատավարության դեմ անհարկի քարոզչություն անելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է օգնի դատական գործընթացին՝ նպաստելով տարածաշրջանում անցումային արդարության վերականգնմանը և կայուն խաղաղությանը։ Խաղաղության իրական մտադրությունը և Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր սկիզբը, ի թիվս այլ բաների, կցուցադրվի Հայաստանի պատրաստակամությամբ՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում։ Անհրաժեշտ են իրական քայլեր արդարության և խաղաղության համար»,- հավելել է Հաջիևը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով այդ գրառմանը՝ նշել է, որ «Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնականացրեց ևս մեկ նախապայման` Հայաստանի հետ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրելու և հարաբերություններ հաստատելու համար։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ, այլ քաղաքական քարտեզից վերջնական հեռացնելը»:
Բաքվի նմանաբովանդակ պահանջը մեզ համար սառը ցնցուղի ազդեցություն չունեցավ, քանի որ նախկինում էլ՝ 44-օրյա պատերազմից հետո մի քանի անգամ տարբեր պաշտոնյաների, նաև հենց Ալիևի բերանից է հնչել այդ պահանջը, և մեր ընդդիմադիր գործիչներն էլ կանխատեսել են, որ Հայաստանի վրա հոխորտացող Ալիևը նաև նման հանդուգն պահանջ կներկայացնի, քանի որ նրա կոկորդում դեռևս ոսկորի պես խրված են արցախյան երկու պատերազմներում Ադրբեջանի պարտությունները և հաղթանակած հայ նախագահները։
Որևէ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ Բաքվի բռնապետի այդ քստմնելի նախաձեռնությանը մասնակից չէ նաև Նիկոլ Փաշինյանը, և Բաքվի դատավարության սցենարով նա պատրաստակամություն չի հայտնի մեղարյալի աթոռին նստեցնել այն մարդկանց, որոնց ցուցակը Նիկոլին կտա Ալիևը, եթե դեռ չի տվել։
Անձնական վրեժխնդրությունից ու ինքնահաստատվելուց բացի՝ Բաքվի բռնապետը մի կարևոր հարց էլ կլուծի՝ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ աշխարհին ներկայացնելով որպես զավթիչ, ահաբեկչական պետություն, որին սանձելու համար լայնամասշտաբ պատերազմ կհայտարարի և աշխարհին կապացուցի իբրև տարածաշրջանում ահաբեկչության դեմ է պայքարում։ Դե իսկ միջազգային դատական կառույցներին Հայաստանի դեմ ներկայացված հայցադիմումներով այնպիսի որոշումներ կգնի, որոնց դիմաց Նիկոլը մեր երկրից հսկայական տարածքներ կնվիրի Ադրբեջանին, այդ տարածքները կճանաչի որպես ադրբեջանական, անունն էլ կդնի, թե սերունդներին այդպիսով ազատում է դատական որոշումների նյութական պարտավորություններից։ Իսկ թե նվիրատվությունների արդյունքում բուն Հայաստանի ինքնիշխան տարածքից ինչ կմնա, որ կկրի Հայաստանի Հանրապետություն անունը, կարելի է ենթադրել․որևէ երաշխիք չկա, որ արցախցիների ու Արցախի ճակատագիրը մեզ էլ չի սպառնում՝ աշխարհի լուռ քննադատությամբ։ Տեսեք, թե ինչ է կատավում այս օրերին Սիրիայում, և ո՞ւմ է դա հուզում մեծ հաշվով՝ ո՞ր միջազգային կառույցին ու որ գերտերությանը։ Ալիևն էլ ոգեշնչվելով Սիրիայի օրինակով՝ միանշանակ կօգտվի իր աստեղային պահից։ Համեյնդեպս այդպիսի վճռականություն ցուցաբերում է։
Իսկ մենք ունե՞նք այդքան դիմադրության ուժ, որպեսզի թույլ չտանք Հայաստանը Սիրիա դառնա։ Փաշինյանի իշխանության յոթ տարիները ցույց տվեցին, որ մենք ազգային իմունիտետի կտրուկ անկումով ենք տառապում, և նիկոլիզմը ներսից քայքայում է մեզ չարորակ հիվանդության պես։ Թշնամու կամակատար իշխանությունների առկայությունը մեզանում ցավոք ուղիղ համեմատական է դիմադրող ուժի անկարողության հետ։ Խոսքը ընդդիմության ներուժի մասին է, որն այնքան հմտորեն կառավարում է Փաշինյանը։ Ամեն ինչ իբրև լավ էր, ու համատարած քաղաքական ազատազրկումները, քրեական գործերի միջոցով ընդդիմադիրների վրա ճնշումներ գործադրելը քիչ էր հակահայկական ծրագրերի հանդեպ ընդդիմության հակազդեցությունը զրոյացնելու համար, հիմա էլ երկրորդ և երրորդ նախագահների միջև ներքին պատերազմ է ընթանում, որը միայն ավելի ու ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում թուրքամետ ուժերի ծրագրերի իրականացման համար։ Խայծը հաջողությամբ կուլ տված ընդդիմությանը արժե մեկ անգամ ևս սթափեցնել՝ քանի դեռ միմյանց անվանարկելով ու Նիկոլի խաղի մեջ ներքաշվելով՝ փորձում են պարզել՝ ի վերջո ո՞վ բերեց Նիկոլին, Ալիևը այդ նույն Նիկոլին հանձնարարել է Բաքվին հանձնել թե Ռոբերտ Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին։ Այսինքն՝ այս երկու նախագահների համար միայն մեկ վտանգ կա, և դրա անունը Նիկոլ Փաշինյան է, որը վստահորեն կկատարի Ալիևի պահանջը՝ ասելով, թե հակառակ դեպքում խաղաղության փոխարեն պատերազմ կստանանք։ Խմելու ջրի հունը փակած հրեշի մասին հեքիաթն է հիշեցնում մեր վիճակը։ Հրեշին քաղաքի բնակիչները շաբաթը մեկ մի աղջիկ էին նվիրում, որ նա ուտի ու չփակի ջրի հունը՝ հրեշին վերացնելու փոխարեն։ Հրեշին չվերացնելու դեպքում բնակավայրն ի վերջո ամայանալու է։ Հիմա բոլորս նստել ու սպասում ենք հրեշ Ալիևի նոր պահանջներին, որ հանկարծ պատերազմ չսանձազերծի։
Թագուհի Ասլանյան