Գրենլանդիան այսպես թե այնպես մերն է լինելու, ԱՄՆ դրոշը ծածանվելու է Մարսի վրա. Դոնալդ Թրամփը՝ Կոնգրեսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հանդես է եկել «Երկրի դրության մասին» ուղերձով։ Նա խոսել է տնտեսության, ուկրաինական հակամարտության կարգավորման և բազմազանության քաղաքականության դեմ պայքարի մասին։ ԱՄՆ նախագահը չի մոռացել նաև Գրենլանդիայի, Պանամայի ջրանցքի և Մարսի մասին:

Թրամփի ելույթի հիմնական թեզերը ներկայացնում ենք ստորև.

«Համոզված եմ՝ ես փրկվեցի Տիրոջ կողմից՝ Ամերիկան ​​կրկին հզորացնելու համար։

Ցանկացած ոլորտում մասնագետների աշխատանքի ընդունումը պետք է հիմնված լինի հմտությունների , այլ ոչ թե ռասայական պատկանալության կամ սեռի վրա:

Հրամանագիր եմ ստորագրել երեխաների գենդերային փոփոխությամբ զբաղվող բոլոր հաստատություններին ֆինանսավորումից զրկելու մասին:

Ես ցանկանում եմ, որ Կոնգրեսն ընդունի օրենսդրություն, որը մեկընդմիշտ արգելում և քրեականացնում է երեխաների սեռափոխության վիրահատությունը:

Կոնգրեսը պետք է ֆինանսավորի առաջադեմ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը, այն ամբողջությամբ կարտադրվի ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ն իր դրոշը կտեղադրի Մարսի վրա և շատ ավելի հեռու վայրերում:

Ես աջակցում եմ Գրենլանդիայի՝ իր ապագան որոշելու իրավունքին և կողջունեմ, եթե այն որոշի միանալ Միացյալ Նահանգներին։ Հուսով եմ, որ այսպես թե այնպես այն ԱՄՆ-ինն է լինելու:

Միացյալ Նահանգները սկսել է վերականգնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, ամերիկյան ընկերությունը պայմանագիր է կնքել ջրանցքի նավահանգիստները գնելու համար:

Ամերիկայի «ոսկե դարը» նոր է սկսվում. դա կլինի մի բան, որը աշխարհը նախկինում չի տեսել»: