ՄԻՊ-ն այցելել է հացադուլ իրականացնող Մանե Թանդիլյանին և մյուս քաղաքացիներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն  արդեն 4-րդ օրն է հացադուլ է անում Ազատության հրապարակում՝  իր այդ քայլով խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը, նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ Նրան միացել են ևս երկու քաղաքացի։