Կորտիզոլ՝ սթրեսի հորմոն. երբ բացասական մտածողությունը օգնում է իջեցնել կորտիզոլի մակարդակը

Ցավը խթանում է մարմնում կորտիզոլի արտադրությունը: Ժամանակակից աշխարհում կորտիզոլը կոչվում է «սթրեսի հորմոն»։ Սթրեսը ձեր ներքին կաթնասունի տեսանկյունից ցավի ակնկալիքն է: Երբ կաթնասունի ուղեղը ամրագրում է իր սոցիալական կարիքները հոգալու սպառնալիք,  դա նույնպես տհաճ զգացողություններ է առաջացնում։ Երբ մարդը համեմատաբար զերծ է ֆիզիկական ցավից, նա անցում է կատարում սոցիալական ցավին:

Կորտիզոլի արտանետումը առաջացնում է նեյրոնային շղթաներ, ուստի այն ամենը, ինչ ձեզ երբևէ ցավ է պատճառել, մնում է որպես ուղեղի նեյրոնային կապ: Երբ ապագայում հայտնվեք նմանատիպ իրավիճակում, «կորտիզոլային տագնապն» անմիջապես կմիանա: Մեծ ուղեղն ի վիճակի է նմանություններ գտնել շատ մանրամասներում: Արդյունքում, նույնիսկ համեմատաբար բարեկեցիկ կյանքի դեպքում, մարդու կորտիզոլի մակարդակը կարող է բավականին բարձր լինել: Սա դրդում է նրան շտապ փնտրել այս հորմոնի մակարդակը նվազեցնելու ուղիներ: Այն, ինչը ձեզ օգնել է նվազեցնել կորտիզոլի մակարդակը անցյալում, ձևավորել է ուղեղի նեյրոնային կապեր, որոնք հնարավոր են դարձնում ապագայում նման ձևով նվազեցումը:

Կորտիզոլի ազդեցության տակ մարդն իրեն շատ վատ է զգում, ուստի նա համաձայն է ամեն ինչի, միայն թե դադարեցնի օրգանիզմում «սթրեսի հորմոնի» սինթեզը։ Ցանկացած ռազմավարություն հարմար է՝ պայքարել, փախչել, տեղում սառչել, հնազանդվել գերակայությանը, ինչը հանգեցնում է վտանգից ազատվելուն։ (Սոցիալական գերակայությանը ենթարկվելը կաթնասունների ռազմավարություն է՝ վնասից խուսափելու համար):

Բացասական մտածողությունը՝ կռվելու, փախչելու, տեղում սառչելու, գերակայությանը ենթարկվելու, միջոցներից մեկն է: Այս մտածելակերպը օգնում է մարդուն ազատվել վտանգի զգացումից և իրեն լավ զգալ։ Ցավոք, հաճելի տպավորություններ վայելելու համար ստիպված կլինեք անընդհատ բացասական վերաբերմունք պահպանել շրջապատող աշխարհի նկատմամբ։

Ուղեղի նեյրոնային կապերը ձևավորվում են հորմոնների ազդեցության տակ, այնպես որ, երբ բացասական մտածողության միջոցով մարդը ազատվում է տհաճ զգացողությունից, նա սկսում է ակնկալել, որ թեթևացումը այնքան մեծ կլինի, որքան ուժեղ լինի բացասական մտածողությունը: Եթե ​​մարդ մի պահ թեթևանում է, երբ ինքն իրեն ասում է՝ «Սա միշտ էլ լինում է»,  նա անգիտակցաբար ծրագրում է իրեն կրկնել այս արտահայտությունը նորից ու նորից:

Եթե բացասական մտածողությունը օգնում է ձեզ իջեցնել կորտիզոլի մակարդակը, ապա ձեր ուղեղի համար վարքի այս օրինաչափությունը դառնում է հաղթահարման ռազմավարություն: Իհարկե, ոչ ոք բառերով չի ձևակերպում տեղի ունեցող գործընթացը։ Պարզապես կորտիզոլի արտանետման պահին մարդը փնտրում է այն դադարեցնելու ցանկացած հնարավոր միջոց: Միևնույն ժամանակ, ուղեղը ապավինում է այն նյարդային կապերին, որոնք արդեն ձևավորվել են նրա մեջ: Այս նյարդային կապերը կարող են բացասական մտածողությունը կապել հուզական թեթևացման զգացողության հետ, ճիշտ այնպես, ինչպես նրանք ջուրը կապում են ծարավից ազատվելու, և կրակի ջերմությունը՝ ցրտից ազատվելու հետ:

Այն միտքը, թե աշխարհի հետ ինչոր բան այն չէ, շեղում է մարդուն ցավալի մտքերից, թե ինչոր բան այն չէ ի՛ր կյանքի հետ: Կաթնասունների ուղեղի տեսանկյունից գլոբալ ճգնաժամի մասին մտածելն իրականում փրկում է մարդուն վտանգից։ Բարելավում է ինքնազգացողությունը:

Այն ամենը, ինչը ազատում է սպառնալիքի զգացումից, կաթնասունի ուղեղի տեսանկյունից դրական է թվում: Եթե բացասական մտածողությունը օգնում է ազատվել սպառնալիքի զգացումից, կաթնասունի ուղեղը կրկին ձգտում է օգտագործել այս մեթոդը և սպասում է, որ դա կօգնի:

Բացասական մտածողությունը նպաստում է կանխատեսելիությանը: Մարդը դոպամինի ալիք է զգում, երբ շրջապատող աշխարհը համապատասխանում է կամ գերազանցում է իր սպասելիքները:

Բացասական մտածողությունը խթանում է դոպամինի սինթեզը՝ ստեղծելով ակնկալիքներ, որոնք մարդը կարող է իրականացնել: Նա սպասում է վատագույնին և ստանում է այն, ինչ սպասում է: Այո, տհաճ է, բայց միևնույն ժամանակ նա դոպամինի աճ է ապրում, քանի որ նրա ակնկալիքներն աշխարհից արդարացել են («Ես դա գիտեի»):

Նյութը պատրաստեց  Ծովինար Մանուկյանը