Թրամփի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին մոտ 3 մլրդ դոլարի զենքի վաճառքին՝ Կոնգրեսի շրջանցմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին մոտ 3 մլրդ դոլարի զենք վաճառելուն՝ շրջանցելով Կոնգրեսին, որպեսզի երկիրը տրամադրի ավելի շատ 2 000 ֆունտանոց ռումբեր, որոնք նա օգտագործում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում:
Ուրբաթ օրը Կոնգրեսին ուղարկված մի շարք ծանուցագրերում պետդեպարտամենտը հայտնել է, որ պայմանագիր է ստորագրել ավելի քան 35 500 MK 84 և BLU-117 ռումբեր և 4 000 Predator մարտագլխիկներ վաճառելու մասին՝ 2,04 մլրդ դոլար արժողությամբ։
«Պետքարտուղարը որոշել և մանրամասնորեն հիմնավորել է, որ գոյություն ունի արտակարգ իրավիճակ, որը պահանջում է անհապաղ վաճառք Իսրայելի կառավարությանը… դրանով իսկ հրաժարվելով Կոնգրեսի կողմից հարցի քննարկումից»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում:
Առաջին մատակարարումները պետք է սկսվեն 2027թ., նշվել է հաղորդագրությունում։
Նույն հիմնավորումն օգտագործելով՝ պետդեպարտամենտը նաև հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է Իսրայելին 675,7 մլն դոլար արժողությամբ զինամթերքի վաճառքը, որը կմատակարարվի հաջորդ տարվանից։
Բացի այդ, հաղորդագրությունում նշվել է, որ Ռուբիոն հաստատել է D9R և D9T Caterpillar բուլդոզերների շտապ վաճառքը 295 մլն դոլարով:
Իսրայելը ԱՄՆ արտաքին օգնության ամենամեծ ստացողն է նրա հիմնադրումից ի վեր՝ ստանալով մոտ 310 մլրդ դոլար՝ ինֆլյացիայի հաշվառմամբ, ընդհանուր տնտեսական և ռազմական օգնություն, նշել է Արտաքին հարաբերությունների խորհուրդը:
Իսրայելի և Գազայի միջև 2023թ.պատերազմ սկսվելու պահից ԱՄՆ-ը ընդունել է օրենք ուղիղ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ ոչ պակաս, քան 12,5 մլրդ դոլարի չափով։

