Օջալանի հայտարարությունը նաև քրդական հաշվարկն է
Օջալանի հայտարարությունը` PKK մարտիկների զինաթափման և կուսակցության ինքնակործանման մասին վստահաբար ո՛չ միայն Թուրքիայի գլխավոր ազգայնական Բահչելիի ու Էրդողանի հաշվարկն է, այլև կարծում եմ կա նաև քրդական հաշվարկը։
Քրդերի գլխավոր նպատակներից մեկը այժմ Թուրքիայի ժամանակակից տարածքի հարավ-արևելյան շրջաններում քրդական ինքնավարության հաստատումն է, կամ այլ կերպ ասած Թուրքիայի ֆեդերալիզացիան (կարծում եմ սա հենց Թուրքիայի համար առավել քան լավ հեռանկար է): Հաշվի առնելով քրդական թվական ներկայացվածությունը Թուրքիայում, ենթադրաբար թե քրդական տարբեր խմբեր, թե ինքը` Ափոն (Աբդուլահ Օջալան) կարծում են, որ կարելի է օգտագործել Թուրքիայում առկա էլեկտորալ դեմոկրատիան և հասնել Թուրքիայում կառավարական լծակների, ընդհուպ մինչև հանրաքվեի միջոցով ինքնավարության։ Իհարկե սա լավ հեռանկար կլիներ, եթե Թուրքիան թուրքերինը չլիներ։ Մի տեսակ այս գործընթացը հիշեցնում է 1907 թվականին Օսմանյան կայսրության երիտթուրքական հեղաշրջումը, որից հետո բազմաթիվ հայեր, քաղաքական կազմակերպություններ վստահ էին, որ կհասնեն իրենց նպատակներին, շատերը դարձան Օսմանյան պառլամենտի պատգամավորներ, բայց հետագան չափազանց տրագիկ էր համայն հայության համար։
Մյուս կողմից, տասնամյակներով բանտում անցկացրած Օջալանը կարող է և սիմվոլ է Բանվորական կուսակցության մարտիկների համար, բայց արդյո՞ք նույն քաղաքական ազդեցությունն ունի և արդյո՞ք պայքարի մեջ մեծացած սերունդը կարող է հաշտվել այդ որոշման հետ։
Ի դեպ, երեկ SDF առաջնորդ Մազլում Աբդիի անունից կրկին հաղորդագրություն տարածվեց, որ Օջալանի կոչը չի կարող վերաբերվել Սիրիայի քրդական դիմադրությանը։
Թեև կարելի կլինի կանխատեսել 2013 թվականի վերջնարդյունքը, սակայն այս անգամ, եթե Թուրքիայի իշխանությունները որոշեն Ափոյին ո՛չ միայն ազատ արձակել, այլեւ բազմեցնել պատգամավորական աթոռին, հնարավոր է, որ դա իսկապես ազդեցություն կթողնի քրդական հարցի վրա այս կոնկրետ իրավիճակում։
Քաղաքագետ՝ Արա Պողոսյան

