Զորավար Անդրանիկի լույսը Վանաձորի սրտում

Փետրվարի 25-ին Վանաձորում տեղի ունեցավ Հայ և Բուլղար ժողովուրդների Ազգային հերոս, գեներալ-մայոր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 160-ամյակին նվիրված միջոցառում։

Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՍԵ Գուգարաց Թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վահան ավագ քահանա Ազարյանը, հասարակական ու ռազմական գործիչներ, մտավորականներ և քաղաքացիներ որոնք հավաքվել էին Զորավարի հիշատակին նվիրված վեհաշուք արձանի շուրջ՝ խոնարհումով հիշելու նրա ավանդը Հայաստանի ազատության ու արդարության սուրբ գործում։

Միջոցառումը վարում էին գրող-հրապարակախոս Աշոտ Դալլաքյանը և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստուդիայի արտիստ Մարիա Ռադիոնովան, որոնց խոսքն առավել շեշտադրեց Անդրանիկի հերոսական կերպարը՝ որպես հայության փրկության համար անձնվիրաբար մարտնչած առաջնորդի։

Ա. Դալլաքյանը բացման արարողությունը սկսեց մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Արձան Անդրանիկին» բանաստեղծությամբ։

Միջոցառման ժամանակ հատկապես կարևորվեց Անդրանիկի դերը` ազգային արժեքների ու պայքարի ոգին պահպանելու և զարգացնելու հարցում։

Զորավարի-ի 160-ամյակը ոչ միայն հիշողության և մեծարման օր է, այլև կոչ՝ շարունակելու պայքարը՝ հանուն Հայոց ցեղասպանության արդար ճանաչման, հանուն հայոց պետականության ամրապնդման և ազգային միասնականության։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր զոհաբերված կյանք առհավատչյա է մեր ժողովրդի հավերժական ձգտման՝ արժանապատիվ և ազատ ապագայի հանդեպ։

Այսպիսի միջոցառումները հզոր խթան են դառնում ազգային գիտակցության խորացման համար՝ կապելով սերունդներին ընդհանուր պատմության և նպատակի շուրջ։

Ելույթներով հանդես եկան` Արժանապատիվ Տեր Վահան ավագ քահանա Ազարյանը, պատմաբան-մանկավարժ Ռուբեն Պարսամյանը, Վանաձորի «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Լիպարիտ Դալլաքյանը և «Հայ եկեղեցասիրաց տիկնանց» պատմամշակութային ՀԿ-ի նախագահ Մարինե Ղարագոզյանը, որոնք ներկայացրեցին Զորավարի ռազմական հանճարը, ռազմավարական մտածողությունն ու հայության համար ունեցած նշանակությունը` ընդգծելով, որ նրա մարտական ոգին այսօր էլ ուղենիշ է սերունդների համար։

Միջոցառումը կայացավ` ԵԿՄ Լոռու մարզային կառույցի և Վանաձորի «ԻՆՏԵՐԿԱՊ» բարեգործական կենտրոնի նախաձեռնությամբ։

Միջոցառման գագաթնակետը դարձավ ծաղկեպսակների և ծաղիկների խոնարհումը Զորավարի արձանին, ինչը խորհրդանշեց հայ ժողովրդի հավերժ երախտագիտությունը։ Մարդիկ, ովքեր հավաքվել էին այս օրը, աչքերում կրում էին Անդրանիկի անվախության և պայքարի ոգին։

Ձյունածածկ Վանաձորը շնչում էր այլ կերպ. Անդրանիկի հիշատակը բոսոր աստղի պես շողում էր, լուսավորելով ապագան։ Նրա պատգամը՝ «Միացե՛ք և արթնացե՛ք», շարունակում է հնչել որպես ազգային ինքնության կենդանի կանչ։

Այսօր, երբ աշխարհը շարունակում է վերափոխվել՝ հարուցելով նոր մարտահրավերներ, զորավար Անդրանիկի կերպարը մեզ հիշեցնում է, որ ազատությունը նվաճվում է քաջությամբ, խիզախությամբ և զոհողությամբ։ Իսկ այն լույսը, որ նա վառեց, երբեք, երբեք չի մարի….

Մ. Ռադիոնովան միջոցառման կազմակերպիչների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց Զորավարի արձանի նախաձեռնող խմբին և բոլոր աջակիցներին, մեկ առ մեկ ասելով նրանց անուն ազգանունները։

Ա. Դալլաքյանը միջոցառումը ամփոփեց` Անդրանիկագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանի խոսքերով.

«-Հիշո՞ւմ ես՝ մի դժբախտ պապ ունեինք, որի ոտքերի տակ հայրենի հողը չէր դիմանում: Փոքր Մհեր էին կոչում նրան: Ամեն քայլափոխի խրվում էր հողի մեջ, խրվում էր մինչև ծնկները: Հիշո՞ւմ ես՝ ինչպես խրվելով-մխրճվելով հասավ հոր գերեզմանին: Հասավ ու թախանձեց Դավթին, որ դուրս գա ու իրեն տիրություն անի:

Մեր հողը հոգնել է մեզնից, ուզում է փախչել մեր ոտքի տակից: Այն պահելու համար վերջը Քո դուռն ենք գալու: Գալու ենք զինվորներիդ պես ու պահանջելու ենք.

Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա…»

Աշոտ Դալաքյան