Ադրբեջանի կրոնական առաջնորդները նամակ են գրել Դոնալդ Թրամփին
Ադրբեջանի կրոնական առաջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նամակ են գրել։ Ինչպես հաղորդում է Trend-ը, նամակում, մասնավորապես, նշվում է.
«Ադրբեջանը աշխարհի այն եզակի վայրերից է, որտեղ կրոնական և մշակութային բազմազանությունը համարվում է հոգևոր հարստություն: Մենք հպարտ ենք, որ այն ժամանակ, երբ էթնիկ, կրոնական և ռասայական խտրականությունը, իսլամոֆոբիան, հակաքրիստոնեությունը և հակասեմականությունը, աճում են աշխարհի շատ մասերում, Ադրբեջանը օրինակ է, թե ինչպես մահմեդականները, քրիստոնյաները, հրեաները և այլ կրոնների հետևորդներն ապրում են ներդաշնակության և բարգավաճման մեջ:
Ադրբեջանը, որը պահպանում է բազմազանության հարուստ ժառանգությունը, աջակցում է կրոնական ազատությանը, ակտիվորեն մասնակցում է գլոբալ միջկրոնական երկխոսությանը, կարևոր ներդրում ունի համաշխարհային խաղաղության մեջ։
Այս կրոնական ներդաշնակության վառ օրինակն է Ադրբեջանի հրեական համայնքը, որը դարերի ընթացքում զարգացել է հալածանքներից և խտրականությունից զերծ միջավայրում: Կրասնայա Սլոբոդան մուսուլմանական աշխարհի ամենահին և ամենամեծ հրեական համայնքներից մեկն է: Այստեղ գործող սինագոգները, դպրոցները և մշակութային կենտրոնները վկայում են կրոնական ազատությանն Ադրբեջանի անսասան հավատարմության մասին: Բացի այդ, Ադրբեջանի կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում քրիստոնեական և հրեական կրոնական կազմակերպություններին և ապահովում նրանց ակտիվ մասնակցությունը Ադրբեջանի քաղաքացիական և հասարակական կյանքում։
Հուսով ենք, որ ձեր ղեկավարությամբ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող կրոնական համայնքները կշարունակեն ամրապնդվել, իսկ կրոնական ազատությունները՝ պահպանվել»:
Նամակը ստորագրել են Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի եպիսկոպոս Ալեքսին, Ադրբեջանում Կաթոլիկ եկեղեցու առաքելական պրեֆեկտ Վլադիմիր Ֆեկետեն, Ադրբեջանի լեռնային հրեաների կրոնական համայնքի նախագահ Միլիխ Եվդաևը, եվրոպական հրեաների Բաքվի կրոնական համայնքի նախագահ Ալեքսանդր Շարովսկին, Ալբանա-ուդիական կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին, Բաքվի սեֆարդ հրեաների կրոնական համայնքի նախագահ Զամիր Իսաևը: