Էրմիտաժում տեղի կայացել է ուրարտագետ Միքայել Բադալյանի պատկերազարդ գրքույկի շնորհանդեսը
Փետրվարի 14-ին՝ ականավոր գիտնական Բորիս Պիոտրովսկու ծննդյան օրը, Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժում տեղի է ունեցել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանի «Тейшебаини. Урартское наследие Еревана» գիտահանրամատչելի պատկերազարդ գրքույկի շնորհանդեսը:
«Մեծ պատիվ է, որ այս գրքույկի նախաբանը գրել է Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկին: Գրքույկը հրատարակվել է «Արտիս ֆուտուրա» մշակույթի և արվեստի պահպանության և զարգացման հիմնադրամի աջակցությամբ:
Իհարկե, չափազանց հաճելի է, որ քո աշխատանքի շնորհանդեսը տեղի է ունենում Էրմիտաժի կայսերական թատրոնում՝ Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիոտրովսկու ներկայացմամբ:
Մեծապես շնորհակալ եմ Միխաիլ Բորիսովիչ Պիոտրովսկուց՝ նման հնարավորության և հիշարժան օրվա համար, որը խիստ խորհրդանշական և կարևոր է ինձ համար:
Գրքույկը հատուկ այնպես է ստեղծված, որ յուրաքանչյուրը կարողանա այն ընթերցել ընդամենը մեկ ու կես ժամում: Այս գրքույկում առաջին անգամ առաջ եմ քաշել մի շարք հետաքրքիր գիտական տեսակետներ, ներկայացրել նաև Կարմիր բլուրի հայ-ավստրիական և հայ-ռուսական հնագիտական արշվախմբերի գրանցած կարևոր արդյունքները: Մի շարք նկարներ և հատակագծեր հրապարակվում են առաջին անգամ: Գրքույկը մեր սիրելի Երևանի հնագույն ժառանգության մասին է, որի առանցքում փորձել ենք համադրել Արարատի թագավորության տարերքի աստված Թեյշեբայի քաղաքն՝ իր զարմանալի ու հետաքրքրաշարժ պատմություններով»,- գրել է Միքայել Բադալյանը։