ՌԴ-ից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Մյունխենում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 14-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու ուղիները քննարկելու համար: Այս մասին գրում է BBC-ն:
«Ռուսաստանը այնտեղ կլինի մեր մարդկանց հետ: Ի դեպ, հրավիրված է նաև Ուկրաինան։ Ես վստահ չեմ, թե կոնկրետ որ երկրներից ով է լինելու այնտեղ, սակայն լինելու են բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
Այնուամենայնիվ, Ռուսաստանը, որը պաշտոնապես չի մասնակցում Գերմանիայում անցկացվող ամենամյա ֆորումին, չի մեկնաբանել, իսկ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ռուսների հետ բանակցությունները Մյունխենում չեն սպասվում:
Եթե բոլոր երեք երկրների պաշտոնյաները մասնակցեն, դա կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը 2022 թվականից ի վեր։ Կիևը դադարեցրեց խաղաղ բանակցությունները ռուսական կողմի հետ 2022 թվականի մայիսին։ Նույն թվականի հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով բացառվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը։

