Թուրքական ոսկու պահուստների առեղծվածը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում
Մաս 2
Սկիզբը՝ այստեղ։
Պատմական փաստերի համադրումից ակնհայտ է, որ թուրքական ոսկու պահուստները ձևավորվել են Օսմանյան կայսրության ծագումով հայ քաղաքացիների ունեզրկման, «Բանկ Օտոման»-ի նահանգային մասնաճյուղերում ավանդների, այդ թվում՝ թանկարժեք մետաղներից զարդերի, ակնեղենի թալանի արդյունքում: Հատկանշական է, որ թուրքական կառավարությունը ի սկզբանե հստակ գիտակցում էր, որ հանցավոր գործունեություն է իրականացնում և անհրաժեշտություն կա այն քողարկելու: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտները, մասնավորապես, Քեմալ Աթաթուրքի կառավարությունը տեղակայում էր ինչ-որ արժեթղթերում, ձևավորվում տարատեսակ հիմնադրամներ, ի վերջո, համահավաք ողջ ֆինանսական կապիտալի մի մասը բաշխելով հիմնադրվելիք մոտ 400 թուրքական առևտրային ընկերություններում և բանկերում:
1930 թվականին հայերից գողացված փողերով հիմնադրված բանկերի թվում էր Հանրապետական կենտրոնական բանկը՝ 15 միլիոն թուրքական ոսկի դրամագլխով, որին 1931 թվականին փոխանցվել են Օտոման բանկի ֆինանսական ակտիվները:
Քեմալ Աթաթուրքի կառավարման տարիներին 1924 թվականին հիմնադրված առաջին՝ ԻՇ բանկը/Türkiye İş Bankası, որ այսօր էլ հանդիսանում է ժամանակակից Թուրքիայի խոշարագույն դրամատներից մեկը, 2021 թվականի տվյալներով 181–րդ խոշորագույն բանկն աշխարհում դրամգլխի մեծությամբ և լավագույն բանկը Թուրքիայում: ԻՇ բանկը ակտիվների մեծությամբ ներկայիս թուրքական հանրապետության երրորդ խոշորագույն բանկն է:
Հայկական ոսկով համալրված դրամագլուխով բանկերից է նաև ակտիվների մեծությամբ չորրորդ Turkiye Halk Bankasi/Ժողովրդական բանկը, որ ստեղծվել է 1933 թվականին մանր ու միջին ձեռնարկատիրության վարկավորման նպատակով:
Յուրահատուկ տեղ ուներ դեռևս 1885 թվականին հիմնադրված Երկրագործական բանկը, որ տարածքային մասնաճյուղների տնօրենների մեծ մասը հանդիսացել էին Լքյալ գույքի բռնագանձման հանձնաժողովների անդամներ:
1946 թվականին անհասկանալի հանգամանքներում անակնկալ ի հայտ եկած 184 տոննա թուրքական ոսկին, ըստ երևույթին, պահվել էր Թուրքիայից դուրս: Հետաքրքրական է, որ այս ոսկու պատմությունը, որ ուղղակի առնչություն ունի հայերիս հետ, դիտարկելի է հրեական պետության հիմնադրման ստվերային պատմության հետ: